Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ, ԵԱՏՄ) պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15 տոկոսով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր Բիշքեկում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Նա ասել է, որ արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ:
«Մեր երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը մենք, մասնավորապես, տեսնում ենք արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով: Կարևոր են նաև համատեղ ջանքերը՝ ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը: Մենք ունենք երկու կարևոր նպատակ. առաջինը՝ Միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների և սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց և ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա», - ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. - «Մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ 2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը՝ հավելելով, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես՝ Իրանի հետ, որի հետ Հայաստանին կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ:
«Այս տեսանկյունից դրական ենք գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փոխգործակցության գործընթացը՝ որպես երկու միավորումների միջև երկխոսությանը նպաստող կարևոր գործոն, փորձի փոխանակման և ինտեգրման ու համագործակցության գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող և փոխշահավետ զարգացման ապահովման ճանապարհների քննարկման նպատակով», - ասել է Հայաստանի նախագահը:
ԵԱՏՄ-ի արդյունավետությունը, ինչպես Սերժ Սարգսյանն է ընդգծել, զգալիորեն կախված է նաև անդամ երկրների պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և գործարար շրջանակների միջև սահուն և համակարգված աշխատանքից:
«Այդ կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ակնկալում ենք Միության առջև ծառացած արդիական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ՝ իր լիազորությունների շրջանակներում: Կարևոր քայլ ենք համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության երկրների պետական մարմինների հետ համագործակցությամբ, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ համաձայնեցված կերպով ներկայացված են Միության շուկայի համար առկա 60 խոչընդոտներ: Հուսով եմ, շուտով կհաստատվի նաև դրանց վերացման ճանապարհային քարտեզը՝ համապատասխան ժամկետներով», - ասել է Հայաստանի նախագահը:
«Հայաստանն առաջիկայում ևս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երևույթների հետևանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաև Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը: