Քաղաքական մեկնաբան. «Ի սկզբանե այս կառավարությունը ֆալշ ստարտ է տալիս»

«Այն, ինչ հիմա կատարվում է, որևէ կապ չունի քաղաքականության հետ», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ինչի՞ն է պետք Դաշնակցության (ՀՅԴ) հետ համագործակցությունը, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունի խորհրդարանում։

«Այն, ինչ հիմա կատարվում է, ես կարծում եմ, որևէ կապ չունի քաղաքականության հետ, որևէ կապ չունի առավել ևս պառլամենտարիզմի հետ, և սա նաև այն բանից հետո, երբ որ փոխվել է Սահմանադրությունը։ Ճիշտ է, կեղծիքներով է դա ընդունվել, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք, բայց զարմանալի է, որ Հանրապետականը, պաշտոնական թվերով ստանալով այդքան մեծ քվեներ, հանկարծ նորից առաջարկում է Դաշնակցությանը։ Սա քաղաքական նոնսենս է, քաղաքագիտական նոնսենս է, և որևիցե բացատրություն տալ, խոհեմ բացատրություն տալ հնարավոր չէ», - ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ իհարկե կարող է կասկածներ հայտնել, թե ինչի համար է սա արվում, ում է սա պետք, Հանրապետականի, Դաշնակցության ինչին է պետք, բայց զուտ քաղաքական, քաղաքագիտական առումով, ըստ քաղաքական մեկնաբանի, սա նոնսենս է և պառլամենտարիզմի վարկաբեկում։

Դիտարկմանը, թե կուսակցությունների պաշտոնական բացատրությունը հետևյալն է, որ նրանք անցած տարվա համագործակցությունն են շարունակում, Հակոբյանն այսպես արձագանքեց. - «Չէ, այդ նույն ձևով մենք կարող ենք ասել, որ Հանրապետականը կարող է կոալիցիա կազմել 1.65 տոկոս ձայներ ստացած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հետ, որովհետև 95 թվականին Հանրապետական կուսակցությունը «Հանրապետություն» միավորման հետ, այսինքն՝ այդ փոքր կուսակցությունն այն ժամանակ ՀՀՇ-ի հետ խորհրդարանական ընտրություններում հաղթեց։ Կրկնում եմ՝ սա որևէ բացատրություն չունի և որևիցե արդարացում չունի, սա քաղաքական գործընթաց չէ, քաղաքական կլինի այն ժամանակ, երբ որ Հանրապետական կուսակցությունը, պաշտոնական տվյալներով հաղթելով ընտրություններում, ձևավորում է կոալիցիա, կամ ինչ անուն ուզում ենք տանք։ Հիմա անուններ են չէ՞ տարբեր գտնում՝ համագործակցություն և այլն և այլն»։

Հակոբյանի կարծիքով, մի դեպքում սա արդարացված կլիներ՝ եթե ընտրություններից հետո կամ առաջ տեղի ունենար ցնցումային իրադարձություն։ «Ենթադրենք, օրինակ, իշխանությունները կեղծել են ընտրությունները, ենթադրենք՝ ժողովուրդը դուրս է եկել փողոց, և ենթադրենք՝ իշխանությունները հրաման են տվել կրակել ժողովրդի վրա և ժողովրդից տասը մարդ մահացել է, և տեղի է ունեցել մի բան, որը հասարակության ներսում շատ լուրջ դժգոհություններ է առաջացրել և որոշում են ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, սա հասկանալի կլիներ, բայց այս պայմաններում, երբ որ, ինչքան հասկանում ենք, 10-հազարականները բաժանվել է, մարդիկ խելոք գնացել են ընտրել են կամ չեն ընտրել, և դրանից հետո առաջարկել այլ կուսակցության, կարևոր չէ՝ Դաշնակցություն է, թե ով է, մաս կազմել կոալիցիայի, ես կրկնում եմ՝ սա աբսուրդ է, քաղաքագիտական նոնսենս է: Եվ հենց այս փաստը գալիս է ասելու, որ էս կառավարության ծրագրերին չպետք է հավատալ, որովհետև ի սկզբանե այս կառավարությունը ֆալշ ստարտ է տալիս, սա ֆալշ ստարտ է, սա կեղծ ստարտ է», - ասաց քաղաքական մեկնաբանը։