Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ զորավարժություններ անցկացնել: Պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ գալիք կիրակի՝ ապրիլի 16-ին մեկնարկող զորավարժություններին ներգրավված է լինելու 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, այդ թվում՝ միաժամանակյա կրակի ռեակտիվ համակարգեր ու տարբեր տրամաչափի նռնականետեր, ինչպես նաև ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժություններում կատարվելու են բարդ ռելիեֆային պայմաններում զորամիավորումների մարտ մղելու և օպերատիվ գործողությունների սցենարներ: Մասնավորապես, զորքերի և հրամանատարական կետերի վերատեղակայումներ, ռեսուրսների մոբիլիզացիա, ստեղծվելու են հարվածային խմբեր՝ ընտրած ուղղություններով գրոհելու համար, հրթիռային և հրետանային համակարգերը դուրս են բերվելու կրակային դիրքեր, մարտական ինքնաթիռները օգտագործելու են նաև պահեստային օդանավակայաններ:
«Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ զորավարժությունների պլանը հաստատել է Ադրբեջանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Զորավարժությունները անցկացվելու են ապրիլի 16- 21-ը:
Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ լայնածավալ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումն ու փոխգործակցությունը՝ գործողությունները մոտեցնելով մարտական իրավիճակի պայմաններին:
Հաղորդելով երեք օրից զորավարժություններ սկսելու՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պլանի մասին, ադրբեջանական լրատվամիջոցները այսօր նաև հայտնում են, թե հայկական կողմը գրավյալ տարածքներում, Աղդամի շրջանի Ուզունդերե տեղանքում ժամը 11-ից հրետանային զորավարժություն է անցկացնում: Ըստ այդ լուրերի, ծանր հրետանային համակարգերից և ռազմական տեխնիկայից արձակված համազարկերի ձայները հստակորեն լսվում են հակամարտ գծին մոտ բնակավայրերում: