ՄԻՊ գրասենյակը «խիստ հետևելու է» Իրազեկ քաղաքացիներ միավորման դեմ հայցերի ընթացքին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության դեմ դպրոցների տնօրենների ներկայացրած դատական հայցերին, ասաց, թե քաղաքացիական հանրության նկատմամբ հետապնդման հատկանիշներ նկատելու դեպքում ինքը հանդես կգա խիստ հայտարարությամբ:

«Համաձայն եմ, որ այստեղ որոշակի խնդիրներ կան, որովհետև այդքան շատ հայց ներկայացնելու, գումարի չափով և այլն, և այլն, կարող է ընկալման տեսանկյունից խնդիր առաջացնել», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց օմբունդմենը՝ շարունակելով․ - «Բայց նաև ուզում եմ նշել, որ ես այստեղ աջակցում եմ քաղաքացիական հասարակությանը, բայց՝ իմ կարգավիճակի ծավալները խստորեն պահպանելով: Որովհետև, մյուս կողմն էլ նայենք՝ պատվի, արժանապատվության հարց են բարձրացնում․․․ Դա անձի սուբյեկտիվ իրավունքն է: Բայդ ես խիստ անթույլատրելի եմ համարում, եթե հանկարծ այստեղ նկատվի որևէ նշույլ կազմակերպվածության և այլն: Դա անթույլատրելի է, և այդ առումով մենք խիստ հետևելու ենք գործընթացին: Հանկարծ եթե քաղաքացիական հասարակության հետապնդման հատկանիշներ նկատենք, շատ խիստ հայտարարություններով ես անպայման հանդես եմ գալու պարբերաբար»:

Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ պահանջելով հերքել «զրպարտություն պարունակող տեղեկությունները» և որպես փոխհատուցում յուրաքանչյուր տնօրենի 2-ական միլիոն դրամ վճարել։

Կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր ձայնագրություններ, որոնց համաձայն 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանել են, որ իշխող Հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց չներքաշել երեխաներին․ - «Ինձ ոչինչ չի հետաքրքրում՝ ի՞նչ մարմին է, ո՞վ է ներգրավված, ո՞վ է մեղավոր․․․ Ինձ համար կարևորը երեխաների կրթության իրավունքի ապահովումն է: Ուզում եմ պահանջել բոլոր պետական մարմիններից, որ չփորձեն հանկարծ իրենց գործողությունները կամ իրենց աշխատանքը իրականացնել՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնք ակնհայտ չարաշահում էին ընդհանրապես լիազորությունը, և չփորձեն հանկարծ երեխաներին ներքաշել դրա մեջ կամ այդ դիտանկյունից նայել»:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2016-ի գործունեությունը՝ օմբուդսմենը հայտարարեց, որ նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հատուկ զեկույց են պատրաստել, որը կհրապարակվի առաջիկայում:

Ըստ Թաթոյանի, զեկույցում առանձին գլուխներ են նվիրված ոստիկանության խախտումներին․ - «Հստակ արձանագրվում է հատուկ միջոցների կիրառության հարցը, որ դրանք գործադրվեցին օրենքի խախտումով: Դրանից բացի, վերլուծվում են լրագրողների նկատմամբ թույլ տված խոչընդոտները, բռնության դեպքերը: Խիստ քննադատության է արժանացած նամն ցանկացած պրակտիկա»:

Միևնույն ժամանակ օմբուդսմենն ընդգծեց, որ հուլիսի 29-ին քաղաքացիների երթը Սարի թաղ չէր կարող խաղաղ նպատակ ունենալ հատկապես, որ նախապես հայտարարված չէր․ - «Կարծում եմ, որ Սարի թաղով գնալը, այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանանք զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ: Այլ հարց է, որ ոստիկանությունը այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիներին վնասներ պատճառվեցին: Ես կարծում եմ, որ խնդրահարույց էր Սարի թաղ գնալը այդ օրը այդ ընդհանուր կոնտեքստում»:

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից մի քանիսի ծանր առողջական վիճակի մասին էին բարձրաձայնել նրանց պաշտպանները:

Այս առնչությամբ Թաթոյանն ասաց․ - «Այո, առողջության իրավունքի հետ կապված պետք է ինտենսիվ միջոցներ ձեռնարկվեն Արամ Հակոբյանի առումով: Ես չեմ կարող այս պահին կյանքի վտանգի մասին խոսել, բայց առողջության վիճակի հետ կապված, այո, հրատապ միջամտության անհրաժեշտություն կա Դատապարտյալների հիվանդանոցում: Վաղը այցելություն նորից մերոնք կանեն՝ վերահսկելու նպատակով»:

Իսկ Նորքի զինված խմբի գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Դատապարտյալների հիվանդանոցում ցուցաբերված օգնությունից գոհ է, հայտարարեց Թաթոյանը:

«Ես էլ եմ ասել, որ Վահան Շիրխանյանին պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Դատապարտյալների հիվանդանոցում դեռ նոր է: Էնտեղ պայմաններն ավելի բարվոք են, ինքն էլ որոշակի գոհունակություն է հայտնել: Բայց, իհարկե, դա մեզ համար բավարար չէ: Մենք պետք է ուսումնասիրությունները, վերահսկողությունը շարունակենք, որպեսզի հասկանանք, թե ընթացիկ իրավիճակը ինչպիսին է լինելու»: