ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ քննարկում է ապագա կառավարությունում համագործակցության ձևաչափը. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) քննարկում են ապագա համագործակցության հարցը։ Այս մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս պահին քննարկումներ է իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Ինչպես Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկումներ կան, այո՛, ես պետք է վերահաստատեմ, որ Հանրապետական կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը քննարկում են ապագա համագործակցության հարցը, և երբ որ ավարտվեն քննարկումները, մենք ձեզ կտեղեկացնենք՝ ինչով է ավարտվել և ինչ արդյունք ունենք», - նշեց Հանրապետականի խոսնակը:

Շարմազանովի փոխանցմամբ՝ գործադիր մարմնի նիստին ապագա կառավարությանը վերաբերող հարցեր չեն քննարկել։ «Հաշվի առնելով, որ այդ քննարկումները դեռևս չեն ավարտվել և ընթացքի մեջ են, կոռեկտ չի լինի, որպեսզի առանց քննարկումներն ավարտված մենք քննարկեինք: Բնականաբար, վարչապետի մասին խոսք չկա՝ վարչապետի մեր թեկնածուն մնում է Կարեն Կարապետյանը, բայց ապագա կառավարության նախարարական պորտֆելների պատասխանատվության ստանձնման, Ազգային ժողովի ապագա նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների հարցերը՝ նման հարցեր չենք քննարկել», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց քննարկվո՞ւմ է, Շարմազանովը պատասխանեց. - «Նման հարց այս պահին մեր օրակարգում չկա, եթե լիներ, ես ձեզ կտեղեկացնեի, որ մենք քննարկում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ ապագա համագործակցության հարցը։ Այս պահին Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննարկում է բացառապես Դաշնակցության իր գործընկերների հետ ապագա կառավարությունում համագործակցության ձևաչափը»։

Շարմազանովը, սակայն, նշեց, որ շատ հավանական է՝ ՀՀԿ երկու ներկայացուցիչներին՝ լիազորություններն ավարտող Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին ապագայում տեսնենք պաշտպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալներ։

«Արդեն ժամանակի հարց է, քաղաքական որոշումը կայացված է, և կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ Արտակ Զաքարյանը, թե՛ Արտակ Դավթյանը երկուսն էլ կարող են թե՛ իրենց մտավոր, թե՛ հայրենասիրական, թե՛ պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի առջև մարտահրավերների լուծման գործում։ Մենք նրանց հաջողություն ենք մաղթում և աջակցելու ենք, որպեսզի նրանք հասնեն հաջողության։ Բայց քանի դեռ պաշտոնապես չկա հրամանը, դեռ չեմ շնորհավորում», - հայտարարեց Հանրապետականի խոսնակը։