Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունն ավարտում է իր աշխատանքները և վաղը կմեկնի Հայաստանից:
Նախընտրական շրջանին, ապրիլի 2-ի քվեարկությանը և հետընտրական իրավիճակին հետևել են առաքելության 14 փորձագետներ ու 28 երկաժամկետ դիտորդներ: Իսկ բուն քվեարկությանը օրը՝ 250 կարճաժամկետ դիտորդներ:
Առաքելությունը ներկայացրել է ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականը, վերջնական զեկույցը պատրաստ կլինի երկու ամսից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ դիտորդներն այժմ աշխատում են վերջնական զեկույցի նախագծի վրա:
Իրենց նախնական զեկույցում, որը ներկայացվեց քվեարկության հաջորդ օրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նշել էին, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները: Միևնույն ժամանակ դիտորդները նկատել էին, թե ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկությունները, ընտրողների վրա գործադրված ճնշումները եւ վարչական դիրքի չարաշահումները:
«Մենք ընդհանրացնում ենք այդ ամբողջը, գնահատում ենք և վերջնական զեկույցում այդ ամենին կանդրադառնանք: Մենք ձեր ընտրություններին տալու ենք արդար գնահատական», - հայտարարել է Պետերսենը:
Նրա խոսքով, չնայած որոշ դրական զարգացումներին, կա ավելին անելու կարիքը՝ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:
Յան Պետերսենը շեշտեց, որ իրենց զեկույցը քաղաքական գնահատականներ չի պարունակում, և իրենք վճիռ չեն կայացնում ընտրությունների լեգիտիմության կամ ոչ-լեգիտիմության վերաբերյալ: Իրենք սոսկ արձանագրում են, թե որքանով են պահպանվել այն չափանիշները, որոնք ընդունել է նաև Հայաստանը․ - «Եվ դա չի ներառում վավերացնել կամ չվավերացնել ընտրությունները: Երբեք դա չի եղել աշխատանքը: Որոշ մարդիկ իսկապես ուզում են, որպեսզի մենք այդ պատասխանատվությունը նույնպես ունենանք, բայց պետք է ուղղակի ասեմ, որ դա մեր անդամ երկրները չեն խնդրել, որպեսզի մենք անենք»: