ԱՄՆ պետքարտուղարը այցելում է Մոսկվա

Ռուսաստան - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանում է Մոսկվա, 11-ը ապրիլի, 2017թ․

Երեքշաբթի օրը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Այսօր նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արևմտյան և ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարին հավանաբար կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ, հիշեցնենք, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թիլերսոնի հետ բանակցությունները չկան Պուտինի օրացույցում:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մոսկովյան այցի առանցքային հարցը սիրիական ճգնաժամն է:

Այցից առաջ Թիլերսոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին, և Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի՝ միանում է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցների՞ն, թե՞ մնում է Ասադի և «Հըզբոլա» խմբավորման հետ: ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին ասել է նախօրեին Իտալիայի Լուկկա քաղաքում Մեծ յոթնյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Ապրիլի 7-ին ամերիկյան զինուժի կողմից Սիրիայում «Շայրաթ» ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը նոր իրավիճակ է ստեղծել Սիրիայում և Սիրիայի շուրջ: Պենտագոնն այդ հարվածը հասցրել է ի պատասխան Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան ութ տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը նման զենք չեն կիրառել, ու որ Արևմուտքը չի ներկայացրել և ոչ մի իրական ապացույց:

Պաշտոնական Վաշինգտոնը, իր հերթին, հայտարարում է, որ այս հանցագործության համար պատասխանատու է նաև Մոսկվան, քանի որ Ռուսաստանն է 2013 թվականին ստանձնել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին համաձայնագրով պարտավորությունը:

Մոսկվան չի ընկալում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը որպես վերջնագիր: «Ես դիտարկում եմ Թիլերսոնի խոսքերը որպես քաղաքական հայտարարություն բանակցություններից առաջ», - երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԱՄՆ պետքարտուղարի այցին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահը, առաջին անգամ անդրադառնալով քիմիական հարձակման մասին Արևմուտքից հնչող մեղադրանքներին, նշել է, թե այդ ամենն իրեն հիշեցնում է 2003 թվականի դեպքերը, երբ Վաշինգտոնն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրաքում իբր քիմիական զենք էին հայտնաբերել: «Դրան հաջորդեց Իրաքի արշավը, ինչն էլ ավարտվեց այդ երկրի փլուզմամբ», - ասել է Վլադիմիր Պուտինը: