Պայթյուններ՝ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել, «Բորուսիայի» 26-ամյա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց։ Ակումբի հաղորդմամբ, Բարտրան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Պայթյունները տեղի են ունեցել, երբ թիմը պատրաստվում էր հյուրանոցից մեկնել Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղին։

«Միջադեպը տեղի ունեցավ ավտոբուսի շարժվելուց կարճ ժամանակ անց։ Ավտոբուսը վնասվել է երկու տեղում», - CNN-ի փոխանցմամբ, հայտնել է ակումբը։

Ոստիկանության հաղորդմամբ, պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ կոտրվել են ավտոբուսի պատուհանները, և տուժել է մեկ մարդ։