Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը․ ԵՄ դեսպան

Պյոտր Սվիտալսկի, արխիվ

«Սա վատ է Հայասատանի իմիջի համար, սա վատ է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների համար, և մենք շատ բաց խոսում ենք սրա մասին»,- այսօր նաև հայտարարել է Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը: Այսօր Գյումրիում նման հայտարարություն արեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ քվեների առքուվաճառքը վատ է անդրադառնում Հայաստանի վարկանիշի վրա:

«Մտահոգ եմ, և սա լուրջ մտահոգություն է այն իմաստով, որ վերաբերում է ընտրակաշառքին․ այն, ինչը ես անվանում եմ ընտրակոռուպցիա, որովհետև դա ավելին է, քան քվեների գնումը: Այո, ես կցանկանայի հղում անել միջազգային դիտորդական առաքելության հայտարարությանը, որտեղ նշված է այս վատ երևույթի մասին, որը ստվեր է գցում ընտրության վրա: Ես փորձում եմ լինել օբյեկտիվ և արդար, մենք մեր ընկալման մեջ ընտրությունների վերաբերյալ շատ լուրջ շեշտադրումներ ենք անում այս բացասական երևույթի վրա՝ սկսելով հենց քվեների առքուվաճառքից: Սա վատ է Հայասատանի իմիջի համար, սա վատ է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների համար, և մենք շատ բաց խոսում ենք սրա մասին»,- հայտարարեց ԵՄ դեսպանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, Եվրամիությանը բավարարում է տեղամասերում տեսախցիկների և քվեարկողների մատնահետքերի նույնականացման սարքերի համար տրամադրված գումարի օգտագործումը: Հայաստանը ընտրական գործընթացի այս նորամուծությունների ներդրաման համար, հիշեցնենք, 7 միլիոն եվրո էր ստացել ԵՄ-ից: Դեսպանը, միաժամանակ, չթաքցրեց, որ այդ ծրագիրը ռիսկեր է պարունակել:

«Այս ծրագիրը շատ մեծ ռիսկ էր պարունակում: Այն նախկինում երբեք չէր իրականացվել այսքան կարճ ժամանակահատվածում, բայց աշխատեց Հայատանում»: Սվիտալսկին անդրադարձավ նաև նախկինում տեղ գտնող մի շարք ընտրախախտումների, որոնց վերաբերյալ իրենք այս անգամ դժգոհություններ չեն լսել: «Բացասական երևույթներ, որոնք անցյալում կային, լիովին բացառված են, ես չեմ լսում բողոքներ, օրինակ, «կարուսելի» հիման վրա բազմակի քվերկության մասին կամ լցոնումների մասին բողոքներ չեմ ստանում»,- ասաց ԵՄ դեսպանը:

Եվրոպացի դիվանագետն ասաց նաև, որ հիմա ընտրական գործընթացը «կարևոր փուլում է», կուսակացություններն ու դիտորդները բողոքներ են ներկայացրել և հիմա այդ գործընթացին են հետևում: Ամեն դեպքում՝ վերջնական եզրակացությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ամփոփոիչ զեկույցում կլինի, որը կհրապարակվի հունիսին: