Վրաստանի ԱԳ նախարար․ «Հայաստանն ու Վրաստանը համագործակցության չօգտագործված մեծ ներուժ ունեն»

Միխեիլ Ջանելիձե և Էդվարդ Նալբանդյան, Երևան, 11-ը ապրիլի, 2017 թ․

Այսօր այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Երևանում գտնվող՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Էդվարդ Նալբանդյանի ընկերակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօրվա հանդիպման ընթացքում ես և իմ գործընկերը քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները: Մենք ընդգծել ենք մեր ձգտումը՝ ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական երկխոսությունը: Մենք քննարկել ենք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մենք նաև քննարկել ենք համագործակցության զարգացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, մշակույթը, կրթությունը, արվեստը և այլն: Նշվել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության չօգտագործված մեծ ներուժ»,- հայտարարեց Ջանելիձեն:

Նա նաև դրական գնահատեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Մենք նաև քննարկել ենք եվրաինտեգրման գործընթացը և համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Գոհունակությամբ նշել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը»,- շարունակեց Վրաստանի արտգործնախարարը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, թե վերջին տարիներին հայ-վրացական հարբերությունները շոշափելի զարգացում են ապրել ու առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։ «Երկու կողմերն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր։

Մեր փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։ Նա նշեց, որ իր վրաց գործընկերոջ հետ զրույցի ընթացքում արծարծել են նաև վիրահայությանը հուզող խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Վրաստանում գործող եռալեզու «Ալիք մեդիա» լրատվական կայքի հիմանդիր և խմբագիր Արսեն Խառատյանը կարծիքով, Հայաստանի և Վրաստանի միջև հարբերությունները խորացնելու հարցում մեծ անելիք կա։ Նա հույս է հայտնում, որ 2 նախարարների հանդիպման ընթացքում իսկապես լուրջ հարցեր են քննարկվել։ «Ես ավելի շատ հույս ունեմ, որ օրակարգում են, ըստ էության, լուրջ խնդիրներ և հարցեր, լինի դա տնտեսական ոլորտում, լինի դա ռազմական ոլորոտում, լինի դա առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու և առկա ինտեգրացիոն գործընթացներում համագործակցելու մասին»,- «Ազատությանն» ասաց Խառատյանը:

Նա ևս նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարբերություններում դրական զարգացում կա, ինչը նա կապում է ոչ թե Հայաստանի իշխանությունների կամ Վրաստանում Հայաստանի դեսպանի աշխատանքի, այլ առաջին հերթին՝ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ։

«Շատերն են կիսում այս կարծիքը, որ Վրաստանի գործող քաղաքական իշխանությունը, «Վրացական երազանք» կուսակցությունը, որն այժմ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի, թերևս ամենանորմալ պետական իշխանությունն է եղել Հայաստանի հետ հարաբերություններում, ինչ-որ չափով նաև փորձելով բալանսավորել այն ազդեցութունը, որն Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանում ունեն»,- ասաց Արսեն Խառատյանը: