Վենեսուելայում դարձյալ հակակառավարական զանգվածային ցույցեր են ընթանում: Երկուշաբթի օրը մայրաքաղաք Կարակասում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ ու վառվող շշեր են նետել:
Անցած շաբաթ սկսված ցույցերի ու բախումների արդյունքում տասնյակ մարդիկ են տուժել, մոտավորապես 200 ցուցարարի ոստիկանությունը բերման է ենթարկել: Վերջին երեք տարվա ընթացքում սրանք ամենամեծ ու շարունակական ցույցերն են:
Նավթով հարուստ այս երկրում ընդդիմությունը և ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը, պնդելով որ հենց կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն: Վենեսուելայում եռանիշ սղաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում առանց այդ էլ վատ ապրող մարդկանց համար երկրի գերագույն դատարանի վերջին որոշումը փողոց դուրս գալու պատճառ դարձավ:
Բողոքի ակցիաներն սկսվեցին այն բանից հետո, երբ մարտի վերջին դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Վնեսուելայի խորհրդարանում՝ Ազգային Ժողովում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները:
Խորհրդարանի նախագահ Խուլիո Բորխեսը գերագույն դատարանի որոշումը հեղաշրջում որակեց՝ մարկանց կոչ անելով դուրս գալ հրպարակներ: Նա նաև բանակին կոչ արեց չենթարկվել երկրի նախագահին: Նախագահ Նիկոլաս Մադուրոն, մինչդեռ, երկրում ստեղծված իրավիճակի պատճառներն ու մեղավորներին փնտրում է դրսում, մասնավորպես, մեղադրելով Միացյալ Նահանգներին: Կուբայում լատինաամերիկյան և կարիբյան երկրների համաժողովին մասնակցող Մադուրոն իր ելույթում ասել է, թե Միացյալ Նահանգները խոչընդոտում է Վենեսուելայի ներսում խաղաղ բանակցությունների կայացմանը:
«Ճշմարտությունն այն է, որ Վաշինգտոնը հրահանգել է, որ Վենսուելայում երկխոսություն չլինի, որ մեր երկիրը ներսից պայթի ու առիթ ստեղծվի արտաքին ներխուժման համար»,- ասել է նա, հայտարարելով թե ներկայումս Վենեսուելայում հեղաշրջման փորձ է կատարվում:
«Ռոյթերզ»-ը նշում է, որ Վենեսուելայում խորհրդարանի լիազորությունները փաստացիորեն նախագահին փոխանցելուց բացի, վերջին շրջանում կոշտ որոշումներ են ընդունվել ընդդիմության դեմ: Անցած շաբաթ կառավարությունը մի որոշմամբ ընդդիմության առաջնորդներից Էնրիկե Կապրիլեսին արգելեց 15 տարվա ընթացքում պետական պաշտոն զբաղեցնել, ըստ էության, նրան զրկելով 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ընդդիմությունը պնդում է, որ կառավարության այդ որոշումն անօրինական է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախկինում ավտոբուսի վարորդ է եղել, ավելի ուշ՝ արհմիության ղեկավար: Նա Վենեսուելայի ղեկավարն է 2013 թվականից: