Անհատ տաքսու վարորդները պահանջում են վերացնել անհավասար մրցակցային պայմանները

Անհատ տաքսիների վարորդներն այսօր մեքենաները Հանրապետության հրապարակում էին կայանել ու Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպել։ Նրանք ասում էին, թե բջջային հավելվածներով աշխատող տաքսիների ի հայտ գալուց հետո անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել:

Ցուցարարները հայտարարեցին, թե քանի դեռ օնլայն տաքսիների վարորդները լիցենզիայի համար գումար չեն մուծում, չեն մուծելու նաև իրենք։ Շատերն արդեն պարտքեր են կուտակել:

Անհատ տաքսիների վարորդները պնդում են, թե բջջային հավելվածներով աշխատող տաքսիների ի հայտ գալուց հետո անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել:

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքված վարորդները նշում էին, թե լիցենզիայի գումարը չեն վճարել ու արդեն պարտքեր են կուտակել:

«Էն վախտ որ [լիցենզիան] հանում էինք, ասում էր՝ եթե իրեք ամիս չմուծեք, ավտոմատ դուս ա գալի: Սպասում ա էրկու տարի, ղրգում ա՝ 250 հազար իրա փողն ա ուզում, 100 հազար էլ տուգանք․․․ Քաղաքի 90 տոկոսը ռայոններից գալի քշում են, ոչ մի կոպեկ չեն մուծում․․․ Սաղ քաղաքը տաքսի ա: Մենք խի՞ պտի մուծենք: Ես հազիվ հացի փող եմ աշխատում, էդի ո՞րդից պտի մուծեմ», - վրդովվեց վարորդներից մեկը:

«Ստեղծեն հավասար դաշտ տաքսու ոլորտում․ որ բոլորը կամ չեն մուծում, կամ մուծում են բոլորը: Բերել էս Յանդեքսը մտցրել է ՋիՋի-ն մտցրել ա, առանց լիցենզիայի, առանց բանի․․․ Ոստիկանը էսօրվա օրով տաքսի ա վարում, զինվորականը վարում ա, նախարարության աշխատողները պետական էն պադավատները վարում են: Բանը հասել է էն աստիճանի, որ մինիստրի մեքենան էլ են Յանդեքս վարում․․․ Էլ մենք ո՞նց քշենք, առյուծի բաժինը պատվերների տանում են», - ասաց մեկ ուրիշը:

Վարորդների խոսքով, մայրաքաղաքում անվճար կայանատեղիները քիչ են, ցանկացած փոքր խախտման համար էլ ստիպված են գումար վճարել։ Բողոքում էին, թե տուգանքները ստացած եկամուտից շատ են։

Նրանք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ասում էին ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությանն են ընտրել, բայց իրենց խաբված են զգում, քանի որ շարունակում են նույն խնդիրների տակ կքած ապրել:

«Հավատում էի իրանց, դրա համար: Կարեն Կարապետյանն եկավ, իրան հավատացի, դրա համար», - իր քվեն ՀՀԿ-ին տալը արդարացրեց նրանցից մեկը:

Վարչապետի փոխարեն վարորդներից մի քանիսի հետ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց։ Վարորդները բողոքեցին, թե նախարարությունը տարիներ շարունակ չի կարողանում կանոնակարգել ոլորտը․ - «Ո՛չ դաշտն էլ կարգավորել, ո՛չ վերահսկել եք դաշտը, ո՛չ էլ ինչ-որ մի հատ մեր օգուտին մի բան արել եք: Հեչ արվի էս բոլոր լիցենզիաները, էս բոլոր ով ինչքան պարտք-պահանջ ունի, հեչ արվի: Թազա լիցենզիա հանելու դեպքում բոլորիս հավասար պայմաններ ստեղծվեն որ ոչ 12 հազար դրամով Երևանում: Էդքան պայմանները կբավարարեք՝ մենք կաշխատենք, չեք վբավարարի՝ մենք ուրիշ քայլերի կդիմենք: Անհնազանդություն․․․ հարցը քաղաքական չի, մենք ընտանիքի հացի խնդիր ենք ուզում լուծենք»:

Վահան Մարտիրոսյանն ասաց, թե ձեռքերը ծալած չեն նստել, անգամ դատական գործընթացներ են սկսել, օրենսդրական նախաձեռնություններ ևս կլինեն: Բոլոր կողմերին բավարարող լուծում սակայն ըստ նրա դժվար է գտնել․ - «Եկեք բոլորս, որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, օրենքները պահպանենք, և դրանից հետո էդ օրենքը խախտողին մատնացույց անենք»: