Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ղարաբաղյան խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական ճանապարհով:
Այս մասին ասել է ռուսաստանցի հայտնի լրագրող, Կրեմլի կողմից վերահսկվող «Ռոսիա 1» հեռուստաընկերության մեկնաբան, մինչ օրս հայամետ համարվող Վլադիմիր Սոլովյովը «Վեստի ֆմ» կոչվող իր հեղինակային ծրագրում, որի ընթացքում նա որոշ մանրամասներ է հայտնել օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում ունեցած հանդիպումից: Սոլովյովն ընդգծել է՝ դա զրույց էր, ոչ թե հարցազրույց, ուստի՝ «շատ բան չի կարող պատմել»։
Ռուսաստանցի լրագրողը նախ բավական հանգամանորեն պամել է այն մասին, թե «ինչ կիրթ ու խելացի է Ադրեբջանի նախագահը»: Նա որոշ մանրամասներ է հաղորդել իրենց զրույցի, մասնավորապես, ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածից: Ղարաբաղի կարգավիճակն Ալիևի համար շատ սկզբունքային հարց է, նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, որ նա իր դիրքորոշումը կփոխի, ասել է Սոլովյովը, հավելելով, թե Արդբեջանն այսօր «տարանջատում է Ղարաբաղի և Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը» և «դա կարող է շատ հետաքրքրիր լինել Ռուսաստանի համար»։
Ռուսաստանցի լրագրողը նաև պարզաբանել է, թե ինչու Արդբեջանը միջազգային ատյաններում չի պաշտպանում Ռուսաստանի շահերը, օրինակ, Ուկրաինայի հետ կապված: Ալիևը Սոլովյովին բացատրել է՝ քանի դեռ կա ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանը միշտ քվեարկելու է տարածքային ամբողջականության օգտին։
Լրագրողը հետաքրքիր մանրամասներ է փոխանցել նաև ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին: Ըստ Սոլովյովի, դա կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Նա ընդգծել է՝ Եվրասիական միությունը միայն կշահի, իսկ ղարաբաղյան խնդիրն էլ «ավելի հեշտ կկարգավորվի, եթե Հայստանն ու Ադրեբջանը լինեն մեկ միության կազմում»: Սոլովյովի խոսքով, «Շատ հնարավոր է, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը»:
Սոլովյովն Ալիևի հետ զրուցել է նաև Ադրեբջանի սպառազինությունների մասին: Լրագրողի փոխանցմամբ, միայն Իսրայելից Բաքուն շուրջ 6 միլիարդ դոլարի զենք է գնել։ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ ի վիճակի է ղարաբաղյան խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով։ Այդուամենայնիվ, ռուսաստանցի լրագողի մոտ «տպավորություն է ստեղծվել», թե Արդեբջանի նախագահը կարող է սպասել ևս տաս կամ քսան տարի։
Սոլովյովի կարծիքով՝ Բաքվում հասկանում են, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել միայն Մոսկվայի շնորհիվ: Ռուսաստանցի լրագրողն Ալիևի հետ զրույցի ընթացքում ընդգծել է՝ Ռուսաստանը երբեք չի դավաճանի Արդբեջանին, ինչին ի պատսախան, Ալիևը ճշտում է արել՝ «չի դավաճանի Պուտինը»:
Ալիևն ու Սոլովյովը քննարկել են նաև միջազգային հարցեր: Ալիևն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների միջև այսօր մտերիմ հարաբերություններ են հաստատվել։ Նա բողոքել է ամերիկացիներից, ասելով՝ հենց Ադրբեջանը հզորանում է, «նրանք անմիջապես սկսում են խոսել կոռուպցիայի մասին»:
Սոլովյովին հատկապես դուր է եկել ընդդիմության դեմ պայքարելու՝ Ալիևի միջոցը: Ադրեբջանի նախագահը նրան ասել է, որ պարզապես վերահսկում է արտերկրից Ադրբեջան եկող ֆինանսական հոսքերը, ինչի արդյունքում, «ընդդիմությունը մարգինալ է դարձել»: