Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ պահանջում են, որ դատարանը պարտավորեցնի Դանիել Իոաննիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Նրանք նաև փոխհատուցում են պահանջում՝ 2-ական միլիոն դրամ:
Ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամի և ներողություն հայցելու պահանջը Դանիել Իոաննիսյանը Հանրապետականի կողմից կազմակերպված ճնշում և խոսքի ազատությունը սահմանակելու փորձ է որակում․ - «Հանրապետական կուսակցության վերնախավի որոշ ներկայացուցիչներ մեր հայտնի հրապարակումից հետո սրա նման մի բան խոստանում էին, կամ գոնե ակնարկում էին, որ սենց բան անելու են: Եվ, ոնց հասկանում եմ, բոլորը կամ համարյա բոլորը միևնույն փաստաբանական գրասենյակի ծառայություններից են օգտվում, հայցերը միանման են․․․ Այսինքն սա կազմակերպված ակցիա է»:
Ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։
Դատարան դիմած տնօրեններն այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվեցին ասել, թե ինչն են զրպարտություն համարում, խորհուրդ տվեցին փաստաբանի հետ զրուցել: Նրանցից մեկն ասաց, թե փաստաբանի տվյալները կարող ենք ճշտել Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանից, սակայն, պնդեցին, որ իրենք այս գործի հետ կապ չունեն։
Բոլոր 30 տնօրենները նույն փաստաբանական ընկերությանն են դիմել, նրանց փաստաբան Հարություն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց են դիմել, քանի որ մի քանի տնօրենների հետ անձամբ ծանոթ են․ - «Հետագայում այլ տնօրեններ ևս, իրենց հետ կապեր ունենալով, քննարկելով որոշեցին մեր ընկերությանը դիմել: Ուղղորդել, բան, նմանատիպ իրավիճակ միանշանակ չկա»:
Փաստաբանի խոսքով, տնօրենների հայցը անհատական է․ նրանք պնդում են, որ իրենց զրպարտել են, քանի որ հրապարակված ձայնագրությունները հոդվածին են կցված եղել, որտեղ ասվում է, թե Հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը:
«Իսկ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ չարաշահումը, ինչպես մանկապարտեզի, դպրոցի տնօրենների միջոցով, այնպես նաև աշխատակիցների: Հիմա ինձ դիմած վստահորդները միանշանակ պնդում են, որ իրենց կողմից վարչական ռեսուրս չի չարաշահվել», - փոխանցեց Հարությունյանը:
Փաստաբանը պնդում է, թե տնօրենները աշխատանքից հետո են զբաղվել կուսակցական աշխատանքով, ինչը օրենքը չի արգելում: Դիտարկմանը, որ Իրազեկ քաղաքացիների միավորումը նաև հեռախոսային վերծանումներն է հրապարակել, որունք վկայում են, որ զանգերը կատարվել են աշխատանքային ժամերին, Հարությունյանը այսպես արձագանքեց․ - «Ցանկին ծանոթ եմ։ Այդ մասով դեռևս մեկնաբանություն չեմ ուզում տալ»:
Նա ասաց, որ տնօրենները նաև դրամական փոխհատուցում են պահանջում, քանի մանկավարժները յուրահատուկ դեր են զբաղեցնում հասարակությունում, և նրանց անունները շոշափող հոդվածները ավելի մեծ արձագանք են ստանում։
Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց, թե իրենք տնօրեններին չեն զրպարտել, պարզապես ձայնագրություններն են հրապարակել:
Իսկ հոդվածը, որտեղ ասվում է, որ Հանրապետականը չարաշահում է վարչական ռեսուրսը՝ վերաբերում է իշխող կուսակցությանը, ոչ թե տնօրեններին․ - «Թող Հանրապետական կուսակցությունը մեզ դատի տա, ասի՝ վարչական ռեսուրս չենք չարաշահել: Այս դեպքում արդեն քննարկելու բան կլինի: Թե չէ տնօրենների մասով մենք իրանց ոչ ասել ենք, որ իրենք վարչական ռեսուրս են չարաշահել, ոչ․․․ Ամբողջականությանն ենք մենք գնահատական տվել»:
Ի դեպ, 114 տնօրենների ձայնագրություններով զբաղվեցին նաև իրավապահները: Գլխավոր դատախազությունը միայն մեկ ձայնագրության մասով էր ընթացք տվել, և այդ գործը Քննչական կոմիտեում է, նախաքննության փուլում։