«Տնօրենների մասով որևիցե սուտ բան չենք ասել». Իոաննիսյան

«Եթե դատարանները որոշեն ամբողջությամբ բավարարեն բոլոր 30 հայցերը, և որ մենք պետք է 60 միլիոն վճարենք` մենք այդքան գումար չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Նշենք, որ դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության, պահանջելով կազմակերպության անունից ներողություն հայցել և իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար որպես փոխհատուցում յուրաքանչյուր տնօրենի 2-ական միլիոն դրամ վճարել։

Հիշեցնենք, ընտրություններից առաջ կազմակերպությունը հայտարարել էր, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

Իոաննիսյանը նշեց, որ իրենք ոչ մեկին չեն զրպարտել։ «Տնօրենների մասով որևիցե սուտ բան չենք ասել, որևիցե բան, որ ընդհանրապես կարելի է կասկածի տակ դնել։ Ի՞նչը հերքենք, հերքենք, որ էս տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում այսպիսի բա՞ն է ասել», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահը՝ շարունակելով. - «Մենք 60 միլիոն դրամ չունեք, բայց մենք համոզված ենք, որ գործը դրան չի կարող հասնել, բացի դա` մենք կարող ենք նաև բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

Նա նշեց, որ այս պահին դեռևս իրենց գործունեությունը որևէ կերպ չի սահմանափակվել։ «Մեր գործունեությունը ո'չ որևէ կերպ կասեցված է, ո՛չ սահմանափակված է, ո՛չ փոխված է, ո՛չ դանդաղած է։ <…> Հա, եթե մեզ պարտադրեն 60 միլիոն վճարել, դա խնդրահարույց կլինի, բայց այս պահին որևիցե խնդիր չկա։ Ասեմ, որ սա ամեն դեպքում նաև տնօրենների համար է խնդիր լինելու, որովհետև այս տնօրենները ակամայից հայտնվելու են լրագրողական հետաքննությունների թիրախում, ոչ միայն մեր, այլև այլ լրատվամիջոցներից եմ լսել, որ մտադրություն ունեն գնալ և փորփրել, տեսնել, թե այս 30 տնօրենների մոտ արդյո՞ք ամեն ինչ մաքուր է այդքան, կոռուպցիոն գործարքներ չե՞ն ունեցել», - ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Ամեն դեպքում մենք ուզում ենք ցույց տանք, որ այս տնօրենների հետևում միգուցե կան այլ կեղտոտ գործարքներ, պատմություններ, որոնք մենք ջրի երես կհանենք, որովհետև այս տնօրենները փորձում են սահմանափակել խոսքի ազատության իրացումը։ Հիմա եթե իրենց հաջողվի մեզ ինչ-որ ձև պատժել, վաղը չէ մյուս օրը ուրիշները կասեն՝ «լավ, բեր էս հետաքննությունը չանեմ, հետո տես ինչ գլխացավանք կունենամ», դրա համար խնդիր կա նենց անելու, որ տենց բան տեղի չունենա՝ ոչ այդքան մեզ համար, այլ Հայաստանում ընդհանուր մթնոլորտի ստեղծման համար»։

Մանրամասներն՝ ավելի ուշ