Ազդեցիկ կոնգրեսականները Թրամփին հորդորում են ապրիլի 24-ին ճշգրիտ որակել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների և Հետախուզության հարցերով հանձնաժողովների նախագահներ Էդ Ռոյսն ու Դևին Նունեսը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ անդամներ միացել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի ղեկավարությանը և ավելի քան ութ տասնյակ օրենսդիր գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան ապրիլքսանչորսյան հայտարարությունում պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նամակը, որը ստորագրել են կոնգրեսականներ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, նախագահին հորդորում է «պատշաճ կերպով նշել ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր Ամերիկայում» և շեշտում, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք նորոգում ենք ապագա ցեղասպանությունները կանխելու մեր հանձնառությունը»:

Նամակի հեղինակները հիշեցնում են Հայոց ցեղասպանության՝ Միացյալ Նահանգների կողմից ճանաչման փաստերը, այդ թվում՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից ճանաչումը 1981 թվականին և նախագահ Էյզենհաուերի վարչակազմի կողմից ճանաչումը 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարան դիմելիս, Ներկայացուցիչների պալատի 1975 թվականի թիվ 148 և 1984 թվականի թիվ 247 բանաձևերը: Նրանք ընդգծում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանական արշավ է իրականացրել քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ «հայերի, ասորիների, քաղդեացիների, հույների, պոնտոսցիների դեմ»:

«Մենք միանում ենք կոնգրեսականներին՝ կոչ անելով նախագահ Թրամփին մերժել լռեցման Թուրքիայի քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ամերիկյան ազնիվ հիշատակման ուղին որդեգրել: Վաղուց ժամանակն է, որ Ամերիկան դադարեցնի Հայոց ցեղասպանության հարցում մեր ազգային քաղաքականությունը Ռեջեփ Էրդողանի՝ գնալով ավելի ու ավելի ավտորիտար և հակաամերիկյան ռեժիմին ենթարկելը», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայ դատի գրասենյակը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ անցած ամիս կոնգրեսականներ Դեյվիդ Թրոթը և Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել են ցեղասպանության դեմ թիվ 220 բանաձևի նախագիծը, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները: