Եվրոպական դատարանը կքննի 7 տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործը։
Ստրասբուրգի դատարանը Հայաստանի կառավարությանը 16 շաբաթ ժամանակ է տվել՝ պատասխանելու մի շարք հարցերի, մասնավորապես, արդյո՞ք խախտվել է Նազարյանի կյանքի իրավունքը:
30-ամյա երիտասարդի հարազատները, ինչպես նաև այս գործով տուժողի կողմի ներկայացուցիչները բազմիցս են պնդել, որ զինծառայողը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես նշվում է նաև հայաստանյան դատարանների վճռում, այլ նրան սպանել են։
Արտակ Նազարյանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը պնդում է, որ հայաստանյան դատարանները պատշաճ քննություն չիրականացրեցին՝ եղբոր մահվան իրական հանգամանքները բացահայտելու համար։
«Ես վստահ եմ, որ հանցագործները մինչև հիմա բանակում են, առոք-փառոք շարունակում են իրենց, այսպես կոչված, ծառայությունը, շարունակում են վտանգ ներկայացնել այլ զինծառայողների համար», - ասաց Նազարյանը։
Ծովինար Նազարյանը հիշում է այդ օրերին իր ընտանիքի ապրումները, ասում է՝ մինչև հիմա պայքարում են՝ հասնելու արդարադատության թեկուզ դրսում։
«Ունենք չորս տարվա աշխատանք, որը մեզանից խլեց հոգեկան, ֆիզիկական և նյութական մեծ ռեսուրսներ, մայրս ու հայրս ուղղակի շատ ծանր տարան այդ ամեն ինչը, հայրս վերջերս վախճանվեց», - նշեց Արտակ Նազարյանի քույրը։
Նազարյանի հարազատներն ու այս գործով փաստաբանները տարիներ շարունակ հայտարարում են, որ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը բազմաթիվ խախտումներով են անցել, իսկ իրենց պնդումները, որ բանակում տեղի է ունեցել սպանություն, արհամարհվել է։
«Դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել միայն դատախազի կարծիքը՝ խախտելով մեր արդար դատաքննության իրավունքը», - պնդում է սպայի քույրն ու հիշում դատաքննության ավարտը, երբ դատախազը ընթերցեց նույն մեղադրանքը, որն առկա է եղել սկզբում՝ դրանով իսկ անտեսելով ողջ դատավարության ընթացքում իրենց բարձրաձայնած խախտումները։
«Զենքի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, որ մահից առաջ նա ստացել էր 120 փամփուշտ և մահից հետո 120 փամփուշտ էլ հայտնաբերվել է նրա մոտ։ Հիշեցնեմ, որ պարկուճը, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում մի համարի էր, իսկ փորձաքննության ենթարկվել է մեկ այլ համարի պարկուճ, որ գնդակը չի հայտնաբերվել դեպքի վայրում, ասում են՝ «թռել, գնացել է ադրբեջանական կողմ», որ Արտակի գլխարկը մնացել էր գլխին կրակոցից հետո և լուսանկարներում մենք տեսանք, որ փոքրիկ անցք կա, որը բացարձակ արյունոտ չի, նախաքննության ընթացքում մենք աղմուկ բարձրացրեցինք այդ մասին», - ասաց Ծովինար Նազարյանը։
Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությունից պահանջել է նաև զորամասի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել: Տուժող կողմը շարունակում է պնդել, որ վկա զինվորներին ճնշումների են ենթարկել։
«Ապօրինաբար պահել են մեկուսարանում՝ 10-ից 27 օր, շուրջ տասը զինծառայողի 10-ից մինչև 27 օր պահել են մեկուսարանում։ Բերել են, մեզ է ներկայացրել դատարանում գնդի նախկին հրամանատարը, թե իբր ինքն է հրաման տվել պահելու, սակայն, ո՛չ առաջին դեպքում, ո՛չ երկրորդ դեպքում որևէ օրինական փաստաթուղթ, թե ինչի համար են պահել այդ զինվորներին մեկուսարանում, մենք առ այսօր չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը։
Նա պնդում է, որ Արտակ Նազարյանի մարմնի վնասվածքներն այդպես էլ քննության առարկա չդարձան, քննության առարկա չդարձան նաև այլ գործոններ։
«Դեպքի վայրը փոխված է, բոլոր զինվորները տեսել են, թե ոնց են Նազարյանին սպանում, այն, ինչ-որ ես ձեզ ասում եմ, բոլորը փաստաթղթերով փորձագիտական եզրակացություններով հիմնավորված են, սակայն հանցավոր քննիչ-դատախազները բացարձակապես անտեսել են փաստերը՝ փորձագիտական եզրակացությունների տվյալները, և վերցրել են, գործը ձևակերպել են որպես ինքնասպանություն», - ասաց Մարտիրոսյանը։
30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում՝ 2010 թվականին: Սպային ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում էին նրա հինգ ծառայակիցները, որոնք տարբեր պատժաչափերով դատապարտվեցին։ Նրանք, սակայն, չընդունեցին մեղադրանքը։