Մեկնարկեց քաղհասարակության հզորացմանը միտված ԵՄ դրամաշնորհային ծրագիրը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը թևակոխել է փոփոխությունների փուլ, տնտեսությունն ու կառավարումը լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվեն:

Լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անդրադառնալ չցանկացավ․ - «Ես հույս ունեի, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կլսեմ կրթական համակարգը բարեփոխելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարներ, սակայն չլսեցի: Բայց երբեք ուշ չէ: Այժմ ես լսում եմ բոլոր կողմերից, որ Հայաստանը մուտք է գործում խորը և համապարփակ բարեփոխումների փուլ․ երկրի տնտեսությունը, կառավարումը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվեն: Մենք պատրաստ ենք օժանդակել հայաստանցիներին իրականացնելու խորը բարեփոխումներ»:

Հիշատակելով ընտրակաշառքի ու ընտրողների վրա գործադրված ճնշումների մասին «արժանահավատ տեղեկությունները»՝ Եվրամիությունն օրեր առաջ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները, այդուհանդերձ, արտացոլել են ժողովրդի կամքը:

Եվրամիության պատվիրակության ղեկավարն ասաց, որ այս տարի Հայաստանի հետ ավարտին են հասցնելու երեք կարևոր փաստաթուղթ, իսկ նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը հավանաբար կստորագրվի նոյեմբերին․ - «Եվրոպական միությունն ունի շատ հստակ օրակարգ, և մենք պատրաստ ենք իրատեսորեն աշխատել դրա հիման վրա: Օրակարգում է խորը և համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Շատ հավանական է՝ նոյեմբերին: Ամռանն էլ կվերջնականացվի միասնական աջակցության շրջանակը, ինչպես նաև քաղաքական օրակարգում կվերջնականացվեն համագործակցության առաջնահերթությունները: Այսպիսով, այս տարի մենք կտեսնենք երեք մեծ փաստաթղթեր, որոնք կուրվագծեն Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հիմքերը: Մենք շատ գործնական ու դրական ենք տրամադրված այս երեք փաստաթղթերը իրականություն դարձնելու հարցում»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր ազդարարեց 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որի նպատակն է Հայաստանում քաղաքացիական հանրության հզորացումը: Սվիտալսկու փոխանցմամբ, ծրագիրը նպատակ ունի օժանդակել հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան վերահսկել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում Եվրամիության տրամադրած բյուջետային աջակցության միջոցները:

«Քաղաքացիական հանրության հետ համագործակցելով մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Եվրամիության գումարները հասնում են հնարավոր լավագույն արդյունքներին: Դա տնտեսապես ձեռնտու է, և Հայաստանի բնակչությունն էլ կունենա ընդհանուր պատկերը, թե ինչպես են այդ գումարները ծախսվել»: