«Եվրոպան պետք է պատասխան տա թուրքերի նկատմամբ իր դաժան վերաբերմունքի համար», - երեկ Իզմիրում աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է նա: - «Մենք երբեք մեզ չենք համարել Եվրոպայից դուրս երկիր, սակայն 54 տարվա ընթացքում այդպես էլ չենք դարձել Եվրամիության անդամ: Հիմա նոր փուլ է սկսվելու, ապրիլի 16-ը կդառնա այն օրը, երբ մենք կվերանայենք այդ որոշումը»:
Առաջիկա կիրակի կայանալիք սահմանադրական հանրաքվեն կարող է էական փոփոխություններ մտցնել Թուրքիայի կառավարման համակարգում՝ ընդարձակելով ու ամրապնդելով նախագահի լիազորությունները: Ըստ վերլուծաբանների, եթե այդ փոփոխություններն ընդունվեն, գործող նախագահը կարող է վերստին առաջադրվել և ղեկավարել երկիրը ևս 12 տարի՝ մինչև 2029 թվականը:
Արևմուտքում էրդողանի այդ հայտը միանշանակ չեն ընդունում. քարոզրաշավի ընթացքում եվրոպական մի շարք կառավարություններ պաշտոնապես արգելեցին էրդողանի պատվիրակների հանդիպումները իրենց երկրներում ապրող միլիոնավոր թուրքերի հետ, ինչին ի պատասխան Թուրքիայի նախագահը նրանց ֆաշիստ ու նացիստ որակեց․ - «Թուրքիան փաստացի եվրոպական երկիր է: Խնդիրն այն է, որ Եվրամիությունը չի ուզում մեզ տեսնել որպես լիիավ անդամ: Նրանք, որ առանց վիզայի ռեժիմ են սահմանում աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրների համար, արդեն շուրջ կես դար ստիպում են, որ Թուրքիան սպասի դռան մոտ: Մինչդեռ հարց է, թե այդ անդամակող երկրներից որն է Թուրքիայից առավել լավ վիճակում ժողովրդավարության ու տնտեսության առումով: Կարծես մեզ և նրանց համար տարբեր չափանիշներ են գործում»:
Մեղադրելով Եվրոպային երկակի չափանիշների ու խտրականության մեջ՝ Էրդողանը երեկ կրկին սպառնացել է վերականգնել մահապատիժը, ինչն ինքնաբերաբար կդադարեցնի Եվրամիությանն անդամակցելու՝ Թուքրիայի բանակցությունները․ - «Եվրոպան պետք է պատասխան տա իր արարքների՝ թուրքերին նսեմացնելու և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Աստծո կամոք, ապրիլ 16-ի հանրաքվեից հետո մենք կրկին քննարկման կդնենք Եվրամիությանը մեր անդամակցության հարցը, երբ մեր քաղաքացիներն իրենց որոշմամբ կստիպեն Եվրոպայի մեզ հետ հաշվի նստել»:
Տարիներ առաջ, սակայն, Էրդողանը բոլորովին այլ բան էր հայտարարում, փաստում է գերմանական DPA գործակալությունը՝ հիշեցնելով, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը ժամանակին անգամ Էրդողանին «Տարվա եվրոպացի» տիտղոսն էր տվել ՝ ընդգծված եվրոպամետ քաղաքականության համար:
«Այսօր Եվրամիության որևէ առաջնորդ չի գնա այդ քայլին», - նշում է DPA-ն՝ փաստելով․ - «Թուրքիայի երբեմնի ջերմ հարաբերությունները Գերմանիայի և Հոլանդիայի հետ լուրջ վտանգի տակ են»:
Էրդողանը, մինչդեռ, վստահ է, որ իրականում Եվրոպան է վտանգի մեջ. - «Բրեքզիթից հետո միությունը քանդվում է, եվրոպական տնտեսությունը՝ օր-օրի թուլանում», - հանրաքվեից օրեր առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ կրկին հավաստիացնելով, որ իր առաջարկած սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան դառնալու է առավել հզոր ու ժողովրդավար երկիր:
Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ չնայած նախագահի ակտիվ քաոզարշավին՝ «ոչ»-ի կողմնակիցները բավական մեծ թիվ են կազմում երկրում, և չի բացառվում, որ կիրակի օրը Էրդողանի նախաձեռնությունը տապալվի: