Բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառը պարզելու համար քննություն է տարվում․ ՔԿ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառները:

«Ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր որդին մահացել է ծնվելուց երկու օր անց: Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինը ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: