ԿԸՀ-ն մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննարկումն ընդգրկված է ԿԸՀ-ի վաղվա նիստի օրակարգում։

ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը, որով պահանջվում էր մեկ ընդհանուր բազայում միավորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, իսկ այնուհետև՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչ որոշման հրապարակումը նախ հարցեր ուղղեց դաշինքի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես են պատրաստվում ԵԱՀԿ առաքելությանը պարտավորեցնել՝ մասնակցել այդ գործընթացին։ Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք դիմում-խնդրանքով արդեն իսկ դիմել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, բայց դեռ պատասխան չեն ստացել։

Մուկուչյանը նաև հետաքրքրվեց՝ ունենալով նման առաջարկ, ինչու դաշինքը ժամանակին չի մասնակցել ընտրողների էլեկտրոնային բազայի ձևավորման գործընթացին և ինչու չի օգտվել ծրագրային կոդերը ստանալու և աուդիտ իրականացնելու հնարավորությունից։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչը պատասխանեց՝ ի սկզբանե ցուցակների հետ կապված նման մտահոգություն չեն ունեցել:

ԿԸՀ նախագահը նաև նկատեց, որ ստորագրված ցուցակները հրապարակելուց հետո իրենք մինչ այսօր ընդամենը մեկ դիմում են ստացել՝ հավելելով, որ մատնահետքերի բազայի նույնականացումը տարիների գործ է։ Մինչդեռ՝ ՕՐՕ դաշինքի լիազոր ներկայացուցիչը պնդում էր, որ իրենց մասնագետները դա պատրաստ են անել մեկ օրում։ Ի վերջո, անհիմն և չապացուցված համարելով ՕՐՕ-ի մտահոգությունները՝ ԿԸՀ-ն միաձայն մերժեց դաշինքի ներկայացրած դիմումը։

Դիմումը մերժելուց հետո դաշինքի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռ հստակ որոշում չունեն՝ կապված վարչական դատարան դիմելու հետ, նաև հավելեց, որ իրենց մասնագետներն այժմ աշխատում են ցուցակների հետ ու փորձում բացահայտել կրկնաքվերակության դեպքերը։

Նշենք, որ ԿԸՀ-ն արդեն ստացել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով նրանք պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դիմումի քննարկումն ընդգրկված է ԿԸՀ-ի վաղվա նիստի օրակարգում։