Ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, «Ելք»-ը, «Երկիր ծիրանին», մնացյալ ուժերը հրաժարվեցին

Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու նախավերջին օրը քաղաքական ուժերից շատերն արդեն հրապարակել են մասնակցության մասին իրենց որոշումը։

Մայրաքաղաքի ավագանու ընտրություներին մասնակցելու են Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը։ Վերջինիս հիմնադիր Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ իրենք վաղն արդեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Մենք այսօր որոշում ենք կայացրել՝ մասնակցել առաջիկա քաղաքական գործընթացին։ Համապատասխան փաստաթղթերը մենք ԿԸՀ կներկայացնենք վաղը»,- «Ազատությանն» ասաց Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց հրաժարման մասին այսօր հայտարարություններ են տարածել ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդը»։ Առաջինի դեպքում պատճառը ապրիլի 2-ին կայացած ընտրություններում «իրենց համար անսպասելի ցածր արդյունքներն են»։ «Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Հ. Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին»,- նշված է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ:

Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին իրենց չմասնակցելու պատճառը «կեղծված ընտրություններն են»։ «Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին»,- ասված է ՀՎԿ հաղորդագրությունում:

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրապայքարի մեջ չմտնելու մասին հայտարարել էին նաև Հայ ազգային կոնգրեսն ու «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը: Խորհրդարանական ընտրություններին 2-րդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը մինչ այս պահն իր որոշման մասին չի հայտնել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչ այսօր դեռ որևէ կուսակցություն կամ դաշինք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել։ Վերջնաժամկետը լրանում է վաղը՝ կիրակի, ժամը 18։00-ին։

Your browser doesn’t support HTML5

«»«»