Թիլերսոնը հիասթափված է Մոսկվայի արձագանքից, բայց զարմացած չէ

Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե հիասթափված է սիրիական ավիաբազան Միացյալ Նահանգների զինուժի կողմից հրթիռակոծելուն հաջորդած՝ Ռուսաստանի խիստ արձագանքից, սակայն, դա իր համար անակնկալ չէր:

Մոսկվան այդ հարվածները գնահատել էր «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ և միջազգային օրենքի նորմերի խախտում»: Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարել էր, թե դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված՝ Սիրիայում գործողությունների ընթացում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը:

«Ես հիասթափված եմ Ռուսաստանի արձագանքից, որովհետև դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է սատարել սեփական ժողովրդի դեմ նման սահմռկեցուցիչ հարձակումներ գործող ռեժիմին»,- ասել է Թիլերսոնը, ով, ի դեպ, հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա:

Ամերիկյան զինուժի հարվածները հաջորդել էին սիրիական Իդլիբ նահանգում նախագահ Ասադին ենթարկվող կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառմանը, որին զոհ էին գնացել առնվազն 86 մարդ: