Կանայք դժգոհ են մայրերին տրամադրվող պետական աջակցությունից

«Ազատության» հարցմամբ ընդգրկված կանայք նշում էին, որ պետությունը մայրերին բավարար ուշադրություն չի հատկացնում։

«Ես կարծում եմ, որ պետք է էնպես լինի, որ մայրերը ստիպված չլինեն գնալ աշխատանքի», - ասաց մի կին:

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն պետ Շուշան Դոյդոյանը 4 երեխայի մայր է։ Վերջին բալիկի ծնունդից հետո աշխատանքի դեռ լիովին չի վերադարձել, խնամքի արձակուրդի մեջ է։

«Ազատության» հետ զրույցում ասաց, թե բախտը բերել է, որ պետական կառույցում է աշխատում, քանի որ շատ հաճախ մասնավոր գործատուն ոտնահարում է օրենքի պահանջն ու աշխատողին ստիպում վերադառնալ դեռ երեխային մեկ տարին չլրացած․ - «Աշխատանքային հարաբերությունները առավել նվազ են պաշտպանված մասնավոր սեկտորում: Մայրիկներ կան, ովքեր ձևակերպված չեն, բայց գնում են ամեն օր աշխատանքի, բայց երբ նրանք երեխա են ունենում, ցավոք սրտի, նրանց չի վճարվում նախածննդյան և հետծննդյան արձակուրդային: Նրանք ուղղակի օրինական գրանցված աշխատողներ չեն, բայց քանի որ իրենց ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ստիպված գնում են այդ քայլին»:

Նշելով, թե այս երևույթն այսօր համատարած բնույթ է կրում՝ Դոյդոյանը մայրերին կոչ է անում չլռել, իրենց ձայնը տեղ հասցնելու համար օգտագործել նաև սոցիալական հարթակները։

Պաշտոնյա մայրիկին չի գոհացնում նաև երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստի չափը․ - «Դա շատ կարևոր է մայրիկների համար, որպեսզի մայրը իսկապես այդ երկու-երեք տարիների ընթացքում նվիրվի իր փոքրիկին մեծացնելու գործին․․․ Չաշխատող մայրիկներին, որը ամսական 18 հազար դրամ է, դա ուղղակի մեկ-երկու օրվա ծախսը երեխայի չի փոխհատուցում»:

«Ազատության» հետ զրույցում Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը նշեց, որ օրենքը մայրերին տալիս է լիարժեք պաշտպանվածություն, սակայն հաճախ անտեղյակության պատճառով նրանք հայտնվում են անելանելի վիճակում: Նա ասաց, թե իր պրակտիայի ընթացքում հասկացել է, որ մայրերի իրավունքները ոտնահարվում են հիմնականում աշխատավայրում․ - «Եղել են դեպքեր, երբ հղի կնոջը ազատում են աշխատանքից և դա անում են ոչ թե օրենսդրությամբ սահմանված հնարավորությունների շրջանակում, այլ ուղղակի ասում են, որ դիմում գրի: Շատերը, անտեղյակ լինելով կամ ավելորդ կոնֆլիկտներից խուսափելու համար, դիմում են գրում և դուրս են գալիս: Այն դեպքում, երբ օրենսդրությունը հստակ դա արգելում է, և նույնիսկ հղիության հիմքով, այդ պատճառով աշխատանքից ազատելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»:

Նման դեպքեր գրանցվել են նաև պետական կառույցներում։ Փիլիպոսյանի խոսքով, այստեղ շատ բան կախված է անմիջական ղեկավարից:

Ըստ իրավաբանի, շատ քիչ կանայք են, որոնք պատրաստ են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար ու անգամ դատարան դիմել։