Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բեռնատար մեքենան միտումնավոր վրաերթի է ենթարկել մարդկանց: Կան զոհեր և վիրավորներ:
Reuters-ի փոխանցմամբ, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լովֆենն ասել է, որ երկիրը հարձակման է ենթարկվել և որ ամեն ինչ վկայում է ահաբեկչական գրոհի մասին: Ըստ չհաստատված լուրերի, դեպքի վայրում հնչել են կրակահերթեր:
Մեր զրուցակիցը՝ Շվեդիայի հանրային հեռուստաընկերության լրագրող Մարկուս Կարլհեդն ասաց, որ սպանվել է առնվազն 3 մարդ, կա 9-ը վիրավոր, տուժածների թիվը կարող է աճել:
Գործընկերոջս փոխանցմամբ, վրաերթը տեղի է ունեցել Դրոտնինգատան (Drottninggatan) փողոցում, որն անվանում են նաև «Թագուհու փողոց»:
Ոստիկանները հայտնում են, որ վրաերթից հետո բեռնատարը մխրճվել է Ahlens խանութի մեջ:
Արդյո՞ք որևէ բան հայտնի է հարձակվողի մասին:
«Որքան գիտենք, նրան չեն ձերբակալել, քաղաքի կենտրոնի վերևում ուղղաթիռներ են պտտվում, ոստիկանները որոնում են նրան, չգիտենք՝ նա ինքը վերապրեռլ է գրոհը, թե՞ փախուստի է դիմել, առայժմ տեղեկություն չկա»,- ասել է Շվեդիայի հանրային հեռուստատեսության լրագրող Մարկուս Կարլհեդը:
Ըստ Շվեդիայի ռադիոյի, զոհերի թիվը կարող է հասնել 5-ի, կա նաև պաշտոնապես չհաստատված հաղորդագրություն մեկ ձերբակալվածի մասին:
Drottninggatan-ը Ստոկհոլմում հետիոտների ամենախոշոր փողոցն է, որտեղ միայն հատուկ թույլտվությամբ են մեքենաներ երթևեկում:
Այդ մարդաշատ շրջանում կան մեծ թվով խանութներ, սրճարաններ, հուշանվերների կրպակներ:
Արևմտյան լրատվական գործակալությունները նշում են, որ վերջին շրջանում ահաբեկիչները Եվրոպայում հաճախ են հենց վրաերթով գրոհներ կատարում: Հարձակումների համար պատասխանատվություն է ստանձնում «իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին բեռնատարը Բեռլինում մխրճվել է Սուրբծննդյան մարդաշատ տոնավաճառի մեջ: Զոհվել է 12 մարդ, տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել 48 բնակիչներ:
Անցյալ տարվա հուլիսի 16-ին Նիցայում ահաբեկիչը բեռնատարն ուղղել է հետիոտների վրա, զոհվել է 86 անմեղ մարդ:
5 մարդ սպանվել է Լոնդոնում՝ մարտի 22-ին, որտեղ ահաբեկիչը հենց կենտրոնում՝ Վեսթմինսթերի կամրջի վրա մեքենան ուղղել է մարդկանց վրա, ապա դանակահարել ոստիկանին:
Դաժան զուգադիպությամբ այսօր առավոտյան է հիվանդանոցում վախճանվել մարտի 22-ի գրոհի 5-րդ զոհը՝ 31-ամյա մի կին Ռումինիայից: