Հայաստանում արված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը անցած տարի նվազագույնն է եղել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, 2016 թվականին հայաստանյան տնտեսությունում արված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 130.4 միլիոն դոլար:
Համեմատության համար նշենք, որ անցած տարի հարևան Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները ավելի քան 12 անգամ շատ են եղել․ ըստ այդ երկրի Ազգային վիճակագրական ծառայության՝ 1 միլիարդ 645 միլիոն դոլար:
Հայաստանյան իշխանությունները սովորաբար խուսափում են խոսել ներդրումների նման անկումից՝ որպես պատճառ նախևառաջ նշելով միջազգային ֆինանսատնտեսական անբարենպաստ պայմանները:
Փոխարենը հատկապես նախընտրական շրջանում իշխող Հանրապետականի ներկայացուցիչները զերծ չմնացին միլիարդավոր դոլարների ներդրումներ խոստանալուց: Այդ առաքելությունն իր վրա էր վերցրել վարչապետ Կարեն Կարապետյանը․ - «Շատ կարծրացած կարծիք կա, որ Հայաստանում փող դնելու տեղ չկա, մեկ ա, փող դնես, չենք աշխատելու և այլն․․․ Այդ իսկ պատճառով ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չի, և մենք այսօր արդեն ունենք հաստատված 3.2 միլիարդ դոլարի ինվեստիցիոն ծրագրեր, որտեղ հստակ գրված է և՛ ֆինանսական աղբյուրը, և՛ ով է կատարելու, և՛ ինչ ենք անելու ու արդյունքում ինչ ենք ունենալու, ինչ աշխատատեղ: Որից 830-850 միլիոն դոլարը մենք նախատեսում ենք անել 2017 թվականին»:
Հսկայական տարբերությունը Վրաստանի հետ չի վերաբերում միայն 2016-ին: Հարևան երկիրը անգամներով արտահայտված առավելությունը պահպանել է 2008 թվականից հետո ընկած ողջ ժամանակահատվածում: Եթե 2008-2016 թվականներին Հայաստանում արված օտարերկրյա ուղղակի նեդրումները, ըստ ԱՎԾ-ի, կազմել են 3 միլիարդ 242 միլիոն դոլար, ապա նույն ժամանակահատվածում վրաստանյան տնտեսության մեջ արվել է 9 միլիարդ 411 միլիոն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում, կամ գրեթե 3 անգամ շատ:
Իրականում վարչապետ Կարապետյանը խոսել է ոչ միայն 3.2 միլիարդ դոլար ներդրումներից: Առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և մարտի 8-ին Էջմիածնում Կարեն Կարապետյանը ավելի հեռուն գնաց․ - «Եվս այսօր Կառավարության սեղանների վրա քննարկվում են 5.3 միլիարդ դոլարի ծրագրեր, որոնք որ տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք կարող են ստեղծել, նոր աշխատատեղեր կստեղծեն»:
«Ելք» դաշինիք ներկայացուցիչ, տնտեսագետ Տիգրան Ավինյանի խոսքով, ներդնողները նախևառաջ ցանկանում են հասկանալ, թե որքան ռիսկային է տվյալ երկրում ներդրում կատարելը և որքան շահութաբեր․ - «Հիմնականում ներդրողները բոլորը սովոր են ստանդարտ խաղի կանոնների: Ստանդարտ խաղի կանոնները ասում են, որ պետք է ներդրում կատարել զարգացած ինստիտուտներով երկրներում, ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներում, այն երկրներում, որտեղ գործում է անկախ դատական համակարգ, այն երկրներում, որտեղ իրենց ներդրումը պաշտպանված է»:
Ըստ Ավինյանի, դեպի Հայաստան նվազող ներդրումները վկայում են, որ երկիրը հետընթաց է ապրում ժողովրդավարության առումով․ - «Վրաստանը, ինչպես գիտեք, կնքել է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը, և ոչ միայն քաղաքական մասով, այլև առևտրային մասով, որը որ մենք չենք արել: Հիմնական ներդրումները մեզ մոտ գալիս էին Եվրոպայից, այսինքն մի խոշոր բաժին գալիս էր եվրոպական երկրներից, և մեր՝ այս պայմանագրից հետ կանգնելուց հետո այն ներդրումները նույնպես դանդաղեցին, կրճատվեցին: Կա ևս մի գործոն, որը ազդեց ներդրումների վրա․ դա Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումներն էին եվրոպական երկրների և Ամերիկայի կողմից»: