Միացյալ Նահանգները տասնյակ հրթիռներով հարվածել է Սիրիայի ավիաբազաներից մեկին: Միջերկրական ծովում գտնվող ռազմանավերից մոտավորապես 60 Tomahawk տիպի հեռակառավարվող հրթիռները հարվածել են Սիրիայի արևմուտքում գտնվող «Շայարթ» ավիաբազային՝ թիրախավորելով ռազմական ինքնաթիռները, վառելիքի պահեստներն ու թռիչքագոտիները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ թիրախավորվել է այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանությունը օգտագործել է Իդլիբ նահանգին քիմիական զենքով հարվածելու համար: Վերջին տվյալներով՝ Իդլիբում իրականացված քիմիական հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 90 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 երեխա:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի վեց տարիների ընթացքում սա ԱՄՆ-ի առաջին ուղիղ հարվածն է Բաշար ալ-Ասադի ուժերին:
Ասադի ռեժիմը պաշտպանող Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը և հայտարարել, որ դուրս է գալիս Սիրիայում ամերիկյան և ռուսական օդուժի միջև ռիսկային միջադեպերը կանխելու համաձայնագրից:
Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ քննարկելու համար ամերիկյան հարձակումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի գործողությունը: «Նախագահ Պուտինը Սիրիայի դեմ ամերիկյան հարվածները համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ և միջազգային օրենքի նորմերի խախտում, ընդ որում՝ մտացածին պատճառաբանությամբ», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե «Վաշինգտոնի այդ քայլը նշանակալից վնաս է հասցնում ռուս - ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ գտնվում են ողբալի վիճակում, և լուրջ խոչընդոտներ է ստեղծում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա ձևավորելու հարցում»:
Վաշինգտոնի գործողությունը դատապարտել է նաև Իրանը՝ Բաշար ալ-Ասադին պաշտպանող մյուս երկիրը: Իսկ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները իրենց ուժեղ աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի գործողությանը:
Ամերիկյան հարվածների հետևանքների մասին Սիրիայի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ սիրիացի վեց զինվոր է զոհվել, իսկ ավիաբազան լրջորեն վնասվել է:
Պենտագոնի խոսնակ Ջեֆ Դեյվիսն ասել է, որ ամերիկացի զինվորականները պլանավորել էին նվազագույնի հասցնել ռուսական կամ սիրիական անձնակազմի հնարավոր կորուստները, որ կարող էր գտնվել ավիաբազայի տարածքում: Պենտագոնի խոսնակն ասել է, որ հարվածների մասին նախօրոք տեղեկացրել էին ռուսական ուժերին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից հետո Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ուժեղացվելու է: Գերատեսչության մամուլի խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը նաև ասել է, թե ամերիկյան հարվածների արդյունավետությունը ցածր է եղել․ նրա հավաստմամբ՝ ընդամենը 23 հրթիռ է հասել նպատակակետին, ու պարզ չէ, թե ուր են ընկել մնացած 36-ը: