Ռուբեն Բաբայան․ Հանրությունը քաղաքակիրթ ընտրություններից դեռ շատ հեռու է

Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, արխիվ:

Ռուբեն Բաբայանի համար այս ընտրություններերը կանխատեսելի էին: Նա համոզված է, որ մեր ժողովուրդն այդ օրը ոչ թե ընտրության է գնում, այլ քվեարկության․ - «Քվեարկությունը դա ընտրությունը չէ: Քվեարկությունը դա ընտրության մի մասն է, միգուցե ոչ ամենակարևորը: Ինքը ընտրությունը գործընթաց է, ընտրությունը քաղաքակրթական կողմնորոշում է, ընտրությունը արժեքային համակարգի ձևաչափ է: Քվեարկությունը պարզապես ամրապնդում է այդ ընտրությունը: Եվ եթե մենք դատենք, թե ինչ է կատարվում մեր հասարակության մեջ վերջին երևի մի երկու տասնյակ տարիներին, կտեսնենք, որ, այո, այս լյումպենիզացիայի պրոցեսը, որ գնում է, ավելի ու ավելի խորն է դառնում: Քանի որ ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ գնվում է, շատ հանգիստ կարող է տեղափոխվել և ընտրության համակարգ: Եթե մենք ասում ենք՝ բոլոր բնագավառներում պետք է լինի կապիտալիզացիա, ամեն ինչ պետք է լինի շահութաբեր, հասարակ մարդը հասկանում է, որ ընտրությունն էլ կարող է լինել շահութաբեր իր չափով»:

Նա կոչ արեց կրթվել․ - «Չի կարող լինել քաղաքակիրթ երկիր անկիրթ հասարակության մեջ: Մենք դիմում ենք դիտորդներին, ասում ենք՝ բա դուք չե՞ք նկատել, որ մարդիկ փող են բաժանում․․․ Մենք ինչ է, դիտորդներին ասում ենք՝ եկեք մեր բարոյականության զբաղվե՞ք․․․ Սա արդեն անհասկանալի երևույթ է: Մենք մեր բարոյական խնդիրները տեղափոխում ենք ուրիշներին, ասում ենք՝ եկեք լուծեք, մենք այն ազգն ենք, որը չի կարող սեփական բարոյական խնդիրները լուծի, եկեք մեզ հսկեք, որ մենք փորձենք բարոյական լինել․․․ Էղա՞վ»:

«Այն ընտրությունները, որոնց մեջ մենք տեսնում ենք, որ անարդարության տարրը, կամ գործոններ կան, որոնք որ կապ չունեն ազատ ընտրելու քաղաքացու իրավունքի հետ, նույնիսկ հանցավոր գործոններ են աշխատում, այդ պահից մենք այլևս իրավունք չունենք դատել քաղաքակրթական դիրքերից, աշխարհում ընդունված ժողովրդավարական դիրքերից քննել մեր երկրի իրավիճակը», - ասաց Վահան Արծրունին: - «Մենք պետք է հասկանանք, որ այս պրոցեսը ուղղորդվում էր որոշակի գործոններով, որոնք որ օրենքից դուրս են»:

Վահան Արծրունի

Նրա խոսքով՝ չակերտյալ բարոյականություն մեր ժողովուրդը դրսևորում է․ - «Չէ՞ որ էդ մարդիկ փողը վերցնելով ազնվորեն գնում քվեարկում են էն ուժի համար, որից որ առել են էդ փողը․․․ Սա բառիս բուն իմաստով հասարակական այլասեռում է, որովհետև ինքը իր բարոյականության կայացումը տեսնում է անբարոյական իարվիճակի մեջ, կարգավիճակում: Եվ սա է ամենաահավորը, որովհետև էդ զանգվածը իրեն մեղավոր չի զգում»:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն էլ նախ հիշեցրեց, որ ինքը մշտապես հանդես է եկել խիստ ընդդիմադիր տեսակետներով, բայց հիմա կոչ է անում գոնե այս անգամ ամեն ինչ սկսել սպիտակ էջից՝ հույս հայտնելով, որ նորընտիր խորհրդարանի անդամները կաշխատեն ի օգուտ և ի բարօրություն մեր ժողովրդի․ - «Մենք պետք է առաջիկա մեր հանդիպումների, հավաքների ժամանակ պարբերաբար հիշեցնենք նրանց գեղեցիկ խոստումները, նախընտրական պահվածքի բոլոր դրական կողմերը, որ ուղղված էին ժողովրդին և պահանջենք, որ իրենց նախընտրական խոստումները կատարեն»:

Դավիթ Գասպարյան

Նա երեկ խնդիր առանձնացրեց․ - «Նախ ներքին բարոյական մթնոլորտը պետք է կարգավորվի մեր ժողովրդի: Երկրորդ, տնտեսական քայլեր պետք է արվեն: Չեմ ասում առաջընթաց, առաջընթացը շատ մեծ բառ է: Եվ երրորդ, պետք է ամեն կերպ նպաստեն այս խայտառակ արտագաղթի կասեցմանը, այս ամոթալի արտագաղթի: Մեր ժողովրդին պետք է ոգի տալ, դրական տեղաշարժերի մղել: Թե չէ էսպես տխուր, դժգոհ, մռայլ, քննադատական խոսքը մեր բոլորիս շուրթերին արդեն ծանրանում է: Արդեն ապրելն էլ է դժվարանում»: