Վարչապետ․ Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմը ավելի է ծանրանում

Պաշտոնը ստանձնելուց շուրջ յոթ ամիս անց վարչապետ Կարեն Կարապետյանը պահանջեց Կառավարությունից անցնել աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ ընդգծելով, որ իշխող Հանրապետականը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե:

Առավոտյան գործադիրի նիստում վարչապետն ասաց․ - «Անցել են ընտրությունները, կարծում եմ, շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է փոփոխություններ մեր երկրում անելու քվեն: Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին՝ աշխատանային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ։ Ե՛վ պատասխանատվությունը, և՛ համապատասխան ջանքերը, և՛ բոլոր մեր գործողությունները․․․ Նենց որ, ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմը ավելի ա ծանրանում»:

Թե ինչ է նշանակում աշխատել արտակարգ ռեժիմում, Կառավարության նիստից հետո լրագրողներին մանրամասնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը․ - «Արտակարգ ռեժիմը բառիս բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված 8 ժամը օրական, այլ աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ նաև շաբաթ օրերը»:

Տասնութ տարի իշխանության ղեկին գտնվելուց հետո Հանրապետականաի խոստացած հերթական փոփոխությունների մասին հետաքրքրվեցինք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ՀՀԿ-ին համեմատաբար վերջերս միացած Վահան Մարտիրոսյանից:

«Ուղղակի մենք պետք է աշխատենք, որ փոփոխություններ անենք․․․ Պետք է աշխատենք, որ մարդիկ [այդ փոփոխությունները] զգան իրենց վրա», - արձագանքեց նախարարը:

Հանրապետականները, ինչպես հայտնի է, առաջին անգամը չէ, որ խոսում են փոփոխություններից և լավ կյանքից: Ինը տարի առաջ այս օրերին ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, և մենք կրկին անգամ ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից»:

Սակայն տարիների փոփոխություններից և բարեփոխումներից հետո վարչապետ ու Հանրապետականի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման երկրորդ օրը Ազգային ժողովոի ամբիոնից ստիպված եղավ հայտատարել․ - «Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Եվ այս պահին ես կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն կենտրոնացավ վարչապետ Կարապետյանի պաշտոնավարման անցած յոթ ամիսների արդյունքներին և հայաստանյան տնտեսության առջև ծառացած հիմնական խնդրի՝ մոնոպոլիների վրա դրանց ազդեցությանը:

«Իրենք անընդհատ խուսափում էին մենաշնորհների մասին խոսելուց, անընդհատ խոսում էին՝ գերիխող դիրք, գերիշխող դիրք․․․ ձևակերպման ուղղությունն են փոխում, իբր մեր մոտ Հայաստանում մենաշնորհներ չկան, մեր մոտ միայն կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Այսինքն որևէ նպատակ չեն էլ ունեցել: Եվ երբ հարցադրումներ են լինում բանանի հետ կապված, կամ շաքարավազի, կամ բենզինի հետ կապված, և մեր մոտ ներկայացումներ են լինում, որ տեսեք՝ բանան ներկրողը մեկն էր, հետո դարձավ քառասուներեք, բենզին ներկրողը երկուսն էին, բայց երեքը դարձավ․․․ Իրականում պարզվեց, որ այդ մարդկանց թիվը ավելանալուց հետո գների փոփոխությունն եղավ ոչ թե դեպի ներքև, այլ դեպի վերև: Այսինքն, մեր մոտ մենաշնորհների դեմ պայքար երբեք չի եղել»:

Վերդառնանք, սակայն, Կառավարության նիստ: Անգամ արտակարգ ռեժիմին անցնելուց առաջ վարչապետը որոշեց չդավաճանել իր սովորույթին․ - «Բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն այս արտակարգ իրավիճակներում: Անցնում ենք գաղտնի ռեժիմի»: