ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է համախոհների հետ միասին վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Մենք կոչնչացնենք «Իսլամական պետությունը»-ը, և մենք կպաշտպանենք քաղաքակրթությունը։ Մենք ընտրություն չունենք», - հայտարարել է Թրամփը՝ Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական հարձակման մասին հայտարարությունից հետո փոխել է իր վերաբերմունքը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ։ Նրա խոսքով՝ կառավարական ուժերը քիմիական զենք կիրառելով «անցել են բոլոր սահմանները», և դա իր համար «կարմիր գիծ» է։
Ապրիլի 4-ին սիրիական ընդդիմությունը հայտարարել էր Խան Շեյխուն քաղաքում տասնյակ զոհերի մասին։ Տեղի բժիշկները կասկածներ էին հայտնել, որ քաղաքում նյարդապարալիտիկ գազ է կիրառվել։
Իրավապաշտպանները կասկածներ ունեն, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքի վրա հարձակման ժամանակ սիրիական բանակը կամ ռուսական օդուժը օգտագործել են քիմիական զենք։
Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ երկրները մեղադրում են Ասադին քիմիական հարձակմանը ներգրավված լինելու մեջ։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին անվանել էր «պատերազմի հանցագործ», պնդելով՝ ԱՄՆ-ը չի ընդունի Ասադի հնարավոր մասնակցությունը ընտրություններին:
Ավելի վաղ, մինչդեռ, Հեյլին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահի պաշտոնանկության վրա կենտրոնանալն այլևս առաջնայնություն չէ Միացյալ Նահանգների համար: