«Կասկած չկա», որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման ետևում երկրի կառավարությունն է կանգնած: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը՝ մեղադրելով Բարաք Օբամայի վարչակազմին, որ չի կարողացել 2013 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն զսպել Ռուսաստանին և Սիրիային քիմիական զենք կիրառելուց:
Փենսն ընդգծել է, որ ապրիլի 4-ին Իդլիբ նահանգում տեղի ունեցածը սարսափելի հարձակում էր, որի հետևանքով ավելի քան 80 մարդ սպանվեց:
Իր հերթին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Ռուսաստանին այդ սարսափելի հարձակումից հետո վերանայել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: