Եվրոպայում ուսանող 20-ամյա Շուշան Դավթյանը հայտնաբերել է, որ թեև ապրիլի 2-ի ընտրությանը չի մասնակցել, բայց իր անվան դիմաց ստորագրություն և կնիք կա։
Վերջին 15 տարում առաջին անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, դիտորդների նաև քաղաքացիների համար հասանելի է դարձրել բոլոր 2009 ընտրատեղամասերի ստորագրված ցուցակները։ Ոմանք արդեն հասցրել են ստուգել իրենց անունները։
«Տեսա, որ իմ տեղը ստորագրած ա: Անկեղծ ասած՝ շատ-շատ զարմացա», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Շուշանը:
Ավանի 1/07 ընտրական տեղամասում ընտրությանը չգնացած, բայց փաստացի քվեարկած Շուշանը նշում է, որ թաղամասում գիտեին՝ ինքը բացակայում է երկրից․ - «Հնարավոր է, որ իմանային իմ բացակայության մասին»:
Ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, սա Հայաստանում ապրիլի 2-ի ընտրության ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկության հարյուրավոր դեպքերից մեկն է։
«Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ ստուգումները շարունակում են, և այս թիվը դեռ կարող է մեծանալ․ - «Մենք համադրել ենք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքում նախապես գրանցված 10 հազար քաղաքացու տվյալներ, ովքեր հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Համադրել ենք 2009 տեղամասից միայն մոտ հարյուր տեղամասի տեղեկանքների տվյալների հետ և բացահայտել ենք, որ նախապես քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարություն տված տասը հազար հոգուց 800-ի փոխարեն քվեարկություն է կատարված»:
Վաղօրոք ընտրություններին չգնալու մասին հայտնած 10 հազար քաղաքացիներից նախաձեռնության անդամները դեռևս մի մասի տվյալներն են հասցրել ստուգել․ - «Ես ուղղակի ասեմ նաև, որ ընդամենը առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը մեկն անց կես, կամ մեկը մենք արդեն այս համակարգից դուրս, այս հաշվարկի մեթոդներից դուրս մոտավորապես մի 4-5 հոգու կողմից ևս ահազանգեր ենք ստացել իրենց կամ Հայաստանից բացակայող իրենց ազգականների փոխարեն քվեարկությունների վերաբերյալ»:
«Իրավունքի Եվրոպա» կազմակերպության իրավախորհրդատու Եգորյանը, հիշեցնելով, որ ուրիշի փոխարեն քվեարկությունը պատժվում է Քրեական օրենսգրքով, այնուամենայնիվ ընդգծում է, որ առավել կարևոր է գնահատել նման դեպքերի հնարավոր համակարգային բնույթը և ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա․ - «Այսպիսի հարցի խորքային և արդյունավետ քննարկումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա է դրված, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների: Այսպիսի հարցի քննարկման և սրա վերաբերյալ փաստերի ձեռք բերման գործին Ընտրական օրենսգրքով կարող են մասնակից դարձվել նաև հանրային ծառայողներ, ոստիկանության ծառայողներ»:
«Քաղաքացի դիտորդը» ստորագրված ցուցակները ուսումնասիրելուց հետո պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հնարավոր է՝ նաև Սահմանադրական դատարան, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Քանի որ Ազգային ժողով ընտրելու իրավունքը, օրենսդիր մարմինը ընտրելու իրավունքը, ըստ Եվրոպական կոնվենցիայի, իրավունք է ճանաչված, և դրա կապակցությամբ յուրաքանչյուր ոք պետք է ունենա խախտված իրավունքի պաշտպանության միջոց»:
Տարիներ շարունակ ընդդիմության հնչեցրած պահանջից հետո անցյալ տարի նոր Ընտրական օրենսգրքում ի վերջո ամրագրվեց ստորագրված ցուցակների հրապարակման դրույթը, որի համաձայն ԿԸՀ-ն երեկ կեսօրին արդեն պետք է հրապարակեր բոլոր ցուցակները: «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչը պնդում է, որ սկանավորված ցուցակները միայն այսօր են հասանելի դարձել․ - «Օրենքով սահմանված ժամկետ գոյություն ուներ․ այսօր մինչև ժամը 11-ը հնարավոր էր ներկայացնել այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին հաղորդում: Սակայն, քանի որ երեկ մինչև ժամը 7-ն անց կես այդ հնարավորությունը՝ այդ ցուցակները ներբեռնելու և ստուգում իրականացնելու, բացակայել է, ես կարծում եմ, որ Սահմանադրության 2-րդ հոդվածի ապահովման շրջանակներում և այդպիսի դրական պարտավորության շրջանակներում պետք է դա հաշվի առնվի և քննարկվի»: