ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են ավելացնել Հայաստանին ու Ղարաբաղին հատկացվող օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի շենքը, արխիվ

Ամերիկացի օրենսդիրները, միաժամանակ, հորդորում են դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին, «քանի դեռ պաշտոնական Բաքուն շարունակում է հարձակումներն ու սպառնալիքները Հայաստանի ու Արցախի դեմ»:

Ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը հորդորում է հաջորդ տարի Հայաստանին առնվազն 40 միլիոն դոլար հատկացնել, ընդգծելով՝ դրանով Վաշինգտոնը ոչ միայն կամրապնդի Հայաստանի անկախությունը, կնպաստի Ղարաբաղում խաղաղության հաստատմանը, այլև կաջակցի մի երկրի, որն ապահով ապաստան է դարձել վտանգի մեջ հայտնված հազարավոր սիրիացիների համար:

Դիմելով Սենատի բյուջետային հատկացումներով զբաղվող ենթահանձնաժողովին՝ ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան երկու տասնյակ օրենսդիրներ, ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական ճամբարներից, հայտարարում են՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Հայաստանը կանգնած է անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող լուրջ մարտահրավերների առաջ, հետևաբար՝ «ամերիկյան տնտեսական և ռազմական օժանդակությունը կարող է ավելի ընդարձակ հնարավորություններ ընձեռել Հայաստանին՝ տարածաշրջանային տերություններին դիմակայելու համար»:

Կոնգրեսականները նաև նշում են, որ Հայաստանն ավելի քան 20 հազար սիրիացի փախստական է ընդունել, ու «թեև ամենաաղքատներից մեկն է փախստականներին ապաստան տվող երկրների շարքում, ԱՄՆ-ից ու միջազգային համայնքից մինչ օրս շատ համեստ աջակցություն է ստացել՝ ներգաղթյալներին օգնելու նպատակով»: «Մենք պետք է ընդգծենք Հայաստանի կարևոր առաքելությունն այս հարցում»,- ավելի վաղ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել էր դեմոկրատ, Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի առաջատար անդամ Ադամ Շիֆը:

«Կոչ եմ անում աջակցել Հայաստանի զարգացմանը, որը, լինելով Միացյալ Նահանգների գործընկերն այդ տարածաշրջանում, մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհով մեկ ու հազարավոր փախստականների ընդունում Սիրայից ու Իրաքից»,- ասել էր կոնգրեսականը:

Հաշվի առնելով «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները»՝ ամերիկացի օրենսդիրները հորդորում են հաջորդ տարի ավելի շատ գումար հատկացնել նաև Ղարաբաղին՝ զարգացմանն ու խաղաղությանը նպաստող ծրագրերի համար: Այս կոչը հիմնավորելիս, կոնգրեսկան Ադամ Շիֆը հիշեցրել է ոչ միայն անցած տարվա ապրիլյան պատերազմը, այլև «Ադրբեջանի զինուժի կողմից մարդու իրավունքների ոտնահարման արժանահավատ փաստերը, այդ թվում՝ դիակների խոշտանգման դեպքերը»:

«Կոչ եմ անում գերակայություն դարձնել անվտանգության ամրապնդումը Ղարաբաղում, որը լուրջ սպառնալիքի տակ է Ադրբեջանի կողմից: Հորդորում եմ բյուջետային հարցերով զբաղվող ենթահանձնաժողովին՝ ավելացնել ոչ միայն Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակությունը, այլև նպաստել շփման գծում հետաքննող տեխնոլոգիաների ներդրմանը, որոնք թույլ կտան կանխարգելել ադրբեջանական կողմի սադրանքները»,- հայտարարել է կոնգրեսականը:

Հիշեցնելով, որ Վաշինգտոնը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է և ստանձնել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հանձնառություն՝ ամերիկացի օրենսդիրները, միաժամանակ, հորդորում են դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին, «քանի դեռ պաշտոնական Բաքուն շարունակում է հարձակումներն ու սպառնալիքները Հայաստանի ու Արցախի դեմ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու «Ամերիկայի Հայկական համագումարը» երախտագիտություն են հայտնել հայամետ կոնգրեսականներին՝ «Հայաստանի ու Ղարաբաղի զարգացմանը նպաստող այս նախաձեռնությունների համար»: