Իրավապահներն անում են ամեն ինչ, որպեսզի ցույց տան, թե խորհրդարանական ընտրությունների ընթացքում եղած խախտումներն էական չէին ու արդյունքների վրա չեն ազդել, վստահ են իրավապաշտպանները:
«Ողողված է մամուլը, հասարակությունը՝ բոլորը խոսում են ընտրակաշառքների զանգվածային բաժանման մասին, և դրա հետևանքով ոչինչ տեղի չի ունենում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: - «Այսինքն՝ ինչ-որ մեկը կարող է հավատալ նրան, որ Հայաստանի ոստիկանությունը, օրինակ, ցանկություն ուներ բացահայտել ընտրակաշառք բաժանողներին ու չկարողացա՞վ այդ օրը բացահայտել: Լրագրողներ Սիսակ Գաբրիելյանն ու Շողիկ Գալստյանը կարողացան, Հայաստանի ոստիկանությունը՝ դա չկարողացա՞վ անել: Այդպես չի լինում: Ցանկության դեպքում Հայաստանում մի լումա ընտրակաշառք չի կարող բաժանվել», - հավելեց փաստաբանը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի դրությամբ ընտրախախտումների ահազանգերով հարուցվել է 9 քրեական գործ, բոլորն էլ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով, կա 1 մեղադրյալ, 5 կասկածյալ: Իսկ Դատախազությունը տեղեկացնում է, որ ընտրախախտումների մասին ստացված 745 հաղորդումների ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են քարոզչության կարգին կամ տեխնիկական խախտումներին:
«Ընդհանուր 745 հաղորդումներից ապրիլի 4-ի դրությամբ 200-ով նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել կամ չեն հաստատվել: Այդպիսիք վերաբերել են առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձերի կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ առանձին հրապարակումներին», - նշում է Դատախազությունը, հավելելով՝ ընտրակաշառք տալու վերաբերյալ արդեն իսկ ստուգված դեպքերը հերքվել են կամ ձեռք չեն բերվել քրեական գործ հարուցելու հիմքեր:
Միայն քվեարկության օրը շուրջ 2,000 ընտրախախտման մասին ահազանգած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Հերիքնազ Տիգրանյանը պնդում է՝ հարուցված քրեական գործերի թիվը փոքր է, և իրական պատկերը չի արտահայտում․ - «Իրավապահ մարմիններն անում են ամեն ինչ, որպեսզի ասեն, որ թեև խախտումներ եղել են, բայց դրանք չէին կարող ազդել ընտրությունների ելքի վրա»:
Քրեական գործերով մասնագիտացած փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատում է, որ ընտրությունների ժամանակ իրավապահները ինքնուրույն բացահայտումներ անելու փոխարեն սպասում են ահազանգերի՝ վերածվելով բողոքի գրքի․ - «Պետությունը, ցանկության դեպքում, կարող է բացահայտել բոլոր շտաբները հատ-հատ, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրում և արդյոք ընտրակաշառք բաժանվում է, թե չէ: Իր պարտականությունն է ապահովել ընտրական պրոցեսի ամբողջ ընթացքը՝ սկզբից մինչև վերջ: Եվ եթե կան հանցագործություններ, իսկ ընտրակաշառք բաժանելը դա հանցագործություն է և նախատեսված է Քրեական օրենսգրքով, եթե կա այդպիսի բան, դու չպիտի սպասես, որ մեկը գա, քեզ դիմի: Դու պիտի նախահարձակ լինես՝ գնաս բացահայտես: Բայց դա, իհարկե, կարվի, եթե լինի ցանկություն»:
Դատախազությունն այսօր նաև տեղեկացրեց, որ քվեարկության օրը երկու լրագրողների, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր, քննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
«Ազատության» տեսախցիկը Երևանում՝ Հանրապետական թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում, գումար բաժանելու դեպք էր արձանագրել, շտաբում գտնվող անձինք պնդել էին, թե աշխատավարձ են բաժանում հետո էլ բռնություն գործադրել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ:
Դատախազության փոխանցմամբ՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտման ևս 8 դեպք շարունակվում է ուսումնասիրվել: