Աղվան Վարդանյան․ ՀՀԿ - ՀՅԴ հետագա համագործակցության հարցը կքննարկվի առաջիկա օրերին

«Ազատությունը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ:

Անցած տարվա փետրվարին Բաղրամյան 26-ում երկու ուժերի միջև համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո երեկ դաշնակցականներ ստացած նախարարական պորտվելներ, երկուսը նշանակվեցին մարզպետների պաշտոններում: Կողմերն ասում էին, թե համաձայնագիրը, որտեղ նաև համատեղ անելիքներին անդրադարձ կա, երկարատև համագործակցության հիմք է:

«Ազատություն»․ - Հանրապետականները արդեն հայտարարում են, որ չնայած նախնական տվյալներով Հանրապետականը միայնակ կարող է կառավարություն ձևավորել, բայց ձեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնում:

Վարդանյան․ - Եթե հիշում եք, մեր համագործակցության համաձայնագիրը, մեկ տարի առաջ կնքված, անժամկետ էր, և կարևորը այստեղ խնդիրներն են․ թե ինչ խնդիրների շուրջ ենք համագործակցելու: Մեր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս առաջիկա օրերին նման քննարկումներ կատարել: Առայժմ այդ քննարկումները չեն սկսվել:

«Ազատություն»․ - Իսկ Դաշնակցությունում ի՞նչ տրամադրություններ կան:

Վարդանյան․ - Քննարկումները ցույց կտան: Եթե կլինի խնդիրների այնպիսի բազա, որոնք մեր նպատակներին, մեր առաջնահերթություններին համապատասխանում են, միայն այդ պարագայում հնարավոր կլիներ քննարկել: Այստեղ կարևորը մեր առաջնահերթություններն են, մեր նպատակներն են, մեր խնդիրները:

«Ազատություն»․ - Այսինքն հնարավոր է, որ այդ համագործակցությունը չշարունակվի՞:

Վարդանյան․ - Ես նման բան ասացի արդյո՞ք: Ես ասացի, որ քննարկումներ կլինեն առաջիկա օրերին:

«Ազատություն»․ - Դաշնակցությունը այս անգամ ավելի շատ մանդատներ կունենա, քան հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Եթե համագործակցության շարունակություն լինի հանրապետականի հետ, Դուք կարծո՞ւմ եք, որ ստացած ավելի շատ մանդատների թվով Կառավարությունում ավելի շատ ներկայացվածություն պիտի ունենաք:

Վարդանյան․ - Քննարկումները և՛ համագործակցության հնարավոր ձևաչափի, և՛ բոլոր մյուս հարցերի վերաբերյալ կսկսվեն առաջիկա օրերին: Առայժմ միայն այսքանը:

«Ազատություն»․ - Դաշնակցության գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները:

Վարդանյան․ - Կա որոշակի առաջընթաց՝ մանավանդ, երբ որ հարյուր մեկ պատգամավորի մասին ենք խոսում, բայց բնականաբար ավելին էինք ակնկալում:

«Ազատություն»․ - Ձեր այսօրվա հայտարարության մեջ այսպիսի նկառառում կա, որ «հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը, մի կողմից, քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսևորում է, մյուս կողմից՝ ֆինանսական և վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք»: Եթե ավելի պարզ ասենք՝ ընտրակաշառքի՞ց եք խոսում:

Վարդանյան․ - Բնականաբար: Ե՛վ ընտրակաշառքից, և՛ վարչական ռեսուրսի օգտագործումից, և՛ ընտրողներին ուղղորդելուց, և՛ այդ ուղղորդումը վերահսկելուց: Այո, երկու բան կա այստեղ․ իսկապես բոլորիս թվում էր, որ նոր ընտրական համակարգի պայմաններում ընտրողների թիվը պիտի ավելի փոքր լիներ, բայց և՛ վարկանիշային թեկնածուների մեծ քանակությունը, և ակտիվ աշխատանքը յուրաքանչյուր բնակչի հետ բերեց շատ մեծ մասնակցություն: Դժվար է ասել այս մասնակցությունը ամբողջովին իրակա՞ն էր, թե՞ որոշ փոքր շեղումներ հեռավոր տեղերում եղել են: Բայց որ սա նաև ակտիվություն դրսևորում էր մարդկանց՝ իրենց ձայնը կարևորելու դիրքորոշման, սա ևս ակնհայտ է: Փաստորեն Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ազգաբնակչության բացարձակ գերակշիռ մասը մասնակցեց ընտրություններին:

«Ազատություն»․ - Երբ ասում եք շեղում, ի՞նչ նկատի ունեք: Կասկա՞ծ եք հայտնում այդ թվերի վերաբերյալ:

Վարդանյան․ - Կասկած կհայտնեի, եթե ունենայի կոնկրետ փաստեր: Բայց մեր բոլոր ուսումնասիրությունները, մեր 13 ընտրատարածքների ընտրական շտաբների հետ ամբողջ գիշերներ աշխատանքը վկայում է, որ իսկապես մեծ ակտիվություն կար, ամեն տեղ հերթեր էին: Սա, մի կողմից, իսկապես շատ դրական է, բայց մյուս կողմից՝ արդյունք է ֆինանսական լծակների և վարչական ռեսուրսների օգտագործման:

«Ազատություն»․ - Դուք էլ եք իշխանություն: Երբ ասում եք՝ վարչական ռեսուրսը օգտագործվեց, նկատի ունեք, որ Հանրապետակա՞նը օգտագործեց իրեն ձայն ապահովելու համար:

Վարդանյան․ - Այո: Նկատի ունեմ, որովհետև առնվազն մեր նախարարությունները, որոնք տիրապետում ենք, չենք փորձել արհեստականորեն, զուտ վարչական ռեսուրսի օգտագործման, գոնե ես որևէ ցուցում, նման օրինակ չգիտեմ: Բայց այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է: Կուզեի մի բան էլ ավելացնել: Ես ընտրությունների օրը խոսել էի նաև լրագրողների լավ աշխատանքի մասին, և խոսել էի այն մասին, որ նաև մեկ կոնկրետ դեպք, երբ որ «Ազատության» թղթակիցը բռնության էր ենթարկվել Կոնդում, ամենավատ դեպքերից մեկն էր սա ընտրությունների օրը: Բայց նաև որոշ լրատվամիջոցներ այդ դրվագը կես ժամը մեկ ամբողջ օրը ցույց են տալիս, այստեղ ևս մտածելու բան կա: Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ ընտրությունները այդպես են անցել:

«Ազատություն»․ - Ընտրությունների օրը խախտումների մասին էիք ահազանգում․ դրանք ազդեցություն ունեցե՞լ են ընտրությունների վրա:

Վարդանյան․ - Ես խոսել եմ երեք կոնկրետ տարածքների մասին, համապատասխան դիմումներ ուղարկել եմ, սպասում եմ արձագանքներին: Եվ ասեմ, որ որոշ պարագաներում դեռ ասելիք կունենամ․ խոսքը վերաբերում է հատկապես Ոստիկանության տված պարզաբանմանը: Բայց գոնե այս առումով, վստահ եմ, որ էական ազդեցություն չեն ունեցել: