Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը կայունություն կբերի Բելառուսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերով տարաձայնությունների հարթումը կթուլացնի երկու երկրների միջև լարված հարաբերությունները:

«Մենք տեսնում ենք մեր շուրջը ինչ է կատարվում, և մենք պարզապես ուզում ենք պահպանել կայունությունը Ռուսաստանում և Բելառուսում», - ապրիլի 3-ին հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո:

Իր հերթին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները վերջնական տեսքի են բերվելու 10 օրվա ընթացքում ու հավելել, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել մինչև 2020 թվականը էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը մանրամասնել է, որ պայմանավորվածության համաձայն Բելառուսը աստիճանաբար հետ կվճարի ռուսական գազի դիմաց կուտակված 726 միլիոն դոլարի հասնող պարտքը, ինչի փոխարեն Ռուսաստանը կվերսկսի նավթի մատակարարումները այդ երկրին: 2018-19 թթ․ «Գազպրոմը» Բելառուսին գազ կմատակարարի զեղչված գներով:

Վերջին շրջանում Լուկաշենկոն փորձում է բարելավել հարաբերությունները Արևմունտքի հետ և Մոսկվային մեղադրում է պայմանագրերը խախտելու և էներգակիրների մատակարարի իր դիրքը չարաշահելու մեջ՝ «մեզ կոկորդից բռնելու համար»:

Մինսկը հայտարարել է, որ Մոսկվան կրկնապատկել է Բելառուսին մատակարարվող գազի գինը, ինչը վատթարացրել է այդ երկրի առանց այդ էլ ծանր տնտեսական իրադրությունը, ինչը մարտի վերջին հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների երկիրը 25 տարի ղեկավարող Լուկաշենկոյի իշխանության դեմ:

«Աշխարհում շատ քիչ են մնացել խաղաղ, հանդարտ անկյուններ: Եվ մենք պայմանավորվեցինք համատեղ քայլեր ձեռնարկել մեր պետությունների անվտանգությունը պահպանելու ուղղությամբ», - Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է Լուկաշենկոն: