Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի բողոքը

Փաստաբան Արա Գարագյոզյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի բողոքը՝ վերացնել տեսակցությունների արգելքն ու թույլատրել նրան հանդիպել հարազատների հետ:

Ըստ փաստաբանների, քանի որ Խանդոյանի մասով նախաքննությունը ամիսներ առաջ է ավարտվել, անիմաստ է ուժի մեջ թողնել տեսակցությունների արգելքի որոշումը։

Դատարանն այս որոշումը կայացրեց, սակայն, առանց Արային Խանդոյանի [Միայնակ գայլ] ու նրա փաստաբանների։ Նրանք լքեցին դատական նիստերի դահլիճը՝ բոյկոտելով դատավոր Արշակ Խաչատրյանին։

Դատական նիստը բոյկոտելու պատճառը դատավորի կողմից նիստը դռնփակ անցկացնելու որոշումն էր, որն անակնկալի էր բերել այսօր դատարան եկած փաստաբան Արա Ղարագյոզյանին ու Խանդոյանի աջակիցներին։

Փաստաբանն այդ մասին տեղեկացավ դատական կարգադրիչներից:

Արա Գարագյոզյանը ենթադրում է, որ դատավորը նման որոշում է կայացրել նախորդ դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Խանդոյանի ու դատավորի միջև վեճ էր ծագել, ինչին միացել էին նաև Միայնակ գայլի աջակիցները։ Այս ընթացքում էլ դատավոր Արշակ Խաչատրյանը հայտարարել էր, թե եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ նիստերը դռնփակ կանցկացնի։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը կարծիք հայտնեց, թե այսպես խախտվում է արդար դատաքննության իրավունքը․ - «Քրեական դատավարության մեջ կետ չկա, որ, ասենք, դատարանի նիստերի դահլիճում աղմուկ է արվում, պետք է դռնփակ դատական նիստ անցկացվի, քանի որ Քրեական դատավարությունը այլ հոդվածով հնարավորություն է տալիս, որ այն անձինք, ովքեր որ կարգը չեն պահպանում, նրանց հեռացնի՝ սանկցիա կիրառելով: Ակնհայտորեն այստեղ արդար դատավարության իրավունքի խախտում է տեղի ունենում․․․ Արդարադատությունը պետք է լինի մատչելի, բոլորին հասանելի, իսկ այս դեպքում դատարանները սահմանափակեցին՝ նմանատիպ որոշում կայացնելով»:

Արայիկ Խանդոյանի փաստաբանը նշեց, որ այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ ոչ օբյեկտիվ լինելու համար։ Դատավորը մերժեց այն, մերժեց նաև նիստին ներկա դատախազին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդությունը։

«Ես միջնորդություն ներկայացրեցի դատախազ Պետրոսյանի նկատմամբ կիրառել դատավարական սանկցիա՝ դիմելով Գլխավոր դատախազին, քանի որ այդ նույն դատախազը դատական նիստերի ժամանակ իմ պաշտպանյալի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ ուղղեց, որբ որ Արայիկ Խանդոյանը բորբոքված էր», - մանրամասնեց Ղարագյոզյանը:

Իսկ փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ դատավորները մի շարք դեպքերում կարող են նիստը դռնփակ անցկացնել, բայց դա պետք է լինի հիմնավորված․ - «Որովհետև հրապարակային դատաքննությունը արդան դատաքննության բաղկացուցիչներից մեկն ա: Ու եթե դու սահմանափակում ես արդար դատաքննության մի մասը, որը, օրինակ, հրապարակայնությունն ա, դու պետք է ծանրակշիռ փաստերով հիմնավորես, թե որ արժեքի համար ես դա սահմանափակում, արդյո՞ք այդ արժեքի պահպանությունը այդ ծավալով ենթակա էր սահմանափակման ու անհրաժեշտ էր դա սահմանափակել»

Ռևազյանի կարծիքով, այս դեպքում դատավորը կարող էր ընդամենը նիստերի դահլիճից հեռացնել հասարական կարգը խախտող քաղաքացուն, այլ ոչ թե մյուսներին, այդ թվում և լրագրողներին զրկել նիստին ներկա գտնվելու հնարավորությունից․ - «Մենք խնդիր ունենք դատական համակարգի կայացման, արդար դատական համակարգի ձևավորման, դատավորի, որպես արդարադատություն իրականացնող անձի անկախության խնդիր ունենք ձևավորման: Տարբեր գործերով մենք այդ գործերին բախվում ենք, բայց հատկապես այդ խնդիրները ավելի ակնհայտ են երևում, երբ առկա են քաղաքական հնչեղությամբ գործեր: Այստեղ բացեիբաց է ի ցույց դրվում մեր ամբողջ դատական համակարգի սնանկությունը՝ իր ոչ-անկախ լինելով, ոչ-արդար քննությամբ և այլն»:

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու և զենք, զինամթերք հափշտակելու մեջ։ Նա, ինչպես եւ անցած ամռանը ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի» մյուս անդամները, մեղքը չի ընդունում։