Ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացվելիք նախագծերը

Մայիսի 17-28֊ը տեղի կունենա Կաննի 70-րդ կինոփառատոնը: Հայաստանը տարիներ ի վեր մասնակցում է այս թերևս ամենահեղինավար կինոփառատոնին զուգահեռ անցկացվող կինոշուկային:

Վճռելու համար, թե ովքեր, որ կինոգործիչներն են մասնակցելու այս տարի Կաննի կինոշուկային, Մշակույթի նախարարությունում ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որը, քննարկելով մեր կինոգործիչների ներկայացրած ավելի քան 10 նախագիծ, ընտրել է դրանցից երեքը՝ «Բարս Մեդիա» կինոստուդիայի «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» նախագիծը և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը»։

Ուշագրավ է, որ, ինչպես նշված է Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել նույնիսկ չհաղթած նախագծերը՝ եթե հեղինակները որոշակի նյութեր տրամադրեն:

Կինոգետ Զավեն Բոյաջյանի համոզմամբ, Կաննի կինոշուկային մեր կինոգործիչների պարբերական մասնակցությունը կարող է որոշակի արդյունքի բերել․ - «Ես կարծում եմ, որ դա ավելի շատ սեփական ֆիլմերը Կաննի նման մեծ փառատոնի շուկայում ներկայացնելու առիթ է ավելի շատ գովազդելու, գուցե համապատասխան միջոցներ գտնելու ու անհրաժեշտ ծանոթություններ, կապեր հաստատելու համար: Անկասկած, չեմ կարող ժխտել դրա կարևորությունը կամ օգտակարությունը: Կուզենայի շատ ավելի ռեալ արդյունքներ տեսնել այդ մասնակցությունից»:

Հարցին, թե երբ Հայաստանը կկարողանա մասնակցել ոչ միայն Կաննի կինոշուկային, այլև բուն փառատոնին, Բոյաջյանն արձագանքեց․ - «Փառատոնին բուն մասնակցությունը ենթադրում է շատ ավելի զարգացած կինո ունենալ, աչքի ընկնող ֆիլմեր նկարահանել, միջազգային կինեմատոգրաֆում ինչ-որ տեղ ունենալ․․․ Այդ ամենը, ես կարծում եմ, մեզանից շատ հեռու է: Ներկա դրությամբ մենք չունենք միջազգային ասպարեզում հայտնի հայկական կինո, ինչպես իրանական կինոն է, վրացական կինոն է: Եվ քանի որ մենք, կարծում եմ, զարգացած կինեմատոգրաֆ չունենք, առայժմ այդ ամենից դուրս ենք, առայժմ լուսանցքում ենք»:

Բոյաջյանի խոսքով՝ կարևոր գործնական քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հայ կինոն մոտենա համաշխարհային մակարդակին․ - «Երևի թե պետք է վերջապես ունենալ «Կինոյի մասին» օրենք, որի մասին արդեն տարիներ շարունակ խոսվում է: Երևի պիտի ունենանք բոլորիս կողմից մեծ ցանկություն և հոգածություն՝ իսկապես ազգային կինեմատոգրաֆ ունենալու։ Երևի պիտի «Հայֆիլմը» վերականգնենք ինչ-որ ձևով, կինոարտադրությունը մեզ մոտ պիտի դրվի էնպիսի անիվների վրա, ինչպես որ ամբողջ աշխարհում է, պիտի ինտեգրվենք միջազգային կինոպրոցեսներին․․․ Վերջապես բուն Հայաստանի իմաստով՝ պիտի ունենանք շատ բարձր կրթական մակարդակ, որը դժբախտաբար չունենք, և հեռանկարում էլ չեմ տեսնում, թե դա երբ կլինի։ Բազմաթիվ գործոններ կան, բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնց հանրագումարից միայն կարող է ծնվել ազգային կինո, որը ամոթ չի լինի ներկայացնել աշխարհին․․․ Առայժմ այս ամենը ընդամենը մաղթանքների ժանրին կարելի է դասել»: