Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ» ամենամյա` թվով արդեն 22-րդ զեկույցը:
Զեկույցում ներառված 29 երկրների կեսից ավելին նահանջ են գրանցել ժողովրդավարության հարցում:
Ըստ նոր զեկույցի, Հայաստանը վերստին կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է: Ժողովրդավարական և ոչ-ժողովրդավարական համակարգերի տարբերության ցուցիչը ընտրությունների եղանակով իշխանությունը փոխելու հնարավորությունն է:
«Հայաստանը, ինչպես նաև Ղրղըզստանը անցած երկու տարում նախագահականից խորհրդարանական համակարգի են անցնում՝ փորձելով է՛լ ավելի դժվար դարձնել այդ քաղաքական փոփոխության հնարավորությունը», - ասված է զեկույցում:
Երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանը և Ասլամբեկ Աթամբաևը, հավաստիացնում են, թե համակարգը պետք է փոխել խորհրդարանի դեմոկրատական ուժը հզորացնելու համար: Բայց, ըստ Freedom House-ի, փոփոխության գործնական արդյունքը կլինի այդ երկրներում նախագահական կուսակցությունների և օլիգարխների վերնախավի դիրքերի հզորացումը:
Զեկույցը այսօր է հրապարակվել, բայց կազմվել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Եվ զեկույցում կա բավական ճիշտ կանխատեսում. - «Հայաստանում կստեղծվի կառավարություն և խորհրդարան, որտեղ գերակայողը կլինի Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, և Սարգսյանը կունենա կա՛մ պաշտոնապես, կա՛մ կուլիսների հետևից ղեկավարելու հնարավորություն»:
Շարունակելով Հայաստանը համեմատել Ղրղըզստանի հետ՝ զեկույցի հեղինակները նշում են, որ «Սարգսյանը և Աթամբաևը կարող են փոխել ամեն բան, նույնիսկ պետության բուն կառուցվածքը, բայց նպատակը նույնն է՝ պահպանել իշխանությունը»:
Զեկույցում երկրները 8 անվանակարգերում ստանում են 1-7 միավոր, ընդ որում՝ որքան բարձր է թիվը, այնքան այն ավելի բացասական է:
Ահա Հայաստանին վերաբերող գնահատականները․ ընտրական գործընթաց՝ 6 միավոր, քաղաքացիական հասարակարգ՝ 3.75, անկախ մամուլ՝ 5.5, պետական դեմոկրատական կառավարում՝ 6, տեղական դեմոկրատական կառավարում՝ 5.75, դատական համակարգի անկախություն՝ 5.5, կոռուպցիա՝ 5.25: Դեմոկրատական միջինացված գնահատական՝ 5.39:
Փաստորեն Հայաստանում վատթացում է նկատվում, քանի որ ցուցանիշներով երկիրը ընդհուպ մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների խմբին:
Այդուհանդերձ, ըստ զեկույցի, Հայաստանում կա քաղաքական բազմակարծություն: Նշենք, որ հարևանների համեմատությամբ Հայաստանը զիջում է Վրաստանին, որտեղ անցումային կամ «հիբրիդային» կառավարում է, որտեղ ժողովրդավարության մակարդակը 4.61 է:
Մյուս հարևանի նկատմամբ Հայաստանն ունի առավելություն․ Ադրբեջանում բացասական միտումը խորացել է, դեմոկրատական մակարդակի ցուցիչը 6.86-ից իջել է մինչև 6.93․ դա փաստարեն դասական «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ է»:
Նույն խմբից է նաև Հայաստանի թիվ մեկ դաշնակից Ռուսաստանը, որտեղ դեմոկրատական ցուցիչը 6․5-ից իջել է 6.57-ի: Զեկույցում հիշատակված Ղրղըզստանը, ի դեպ, «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների» խմբից այդ տարի իջել է «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների» խումբ:
Ըստ Freedom House-ի, աշխարհում նկատվում է «կեղծ խոստումներ շռայլող պոպուլիստական ուժերի ազդեցության աճ»․ - «Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում պոպուլիստների հաղթանակները ցնցել են «սառը պատերազմի» ավարտից հետո հաստատված աշխարհակարգի հիմքերը և նոր լիցք հաղորդել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Բալկաններում գործող հակաժողովրդավարական պոպուլիստական ուժերին»: