«Խոսել, որ ընտրություններն ազատ էին, այդ գնահատականը միանշանակ տալ չենք կարող». Հերիքնազ Տիգրանյան

«Խոսել, որ ընտրություններն ազատ էին, և ընտրողն ազատ կամքով քվեարկություն արեց, ուղղակի այդ գնահատականը միանշանակ տալ չենք կարող», - երեկ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։

Քվեարկության ընթացքը, ինչպես Տիգրանյանն ասաց, բավականին դանդաղեցված էր, ինչը, ըստ դիտորդի, նշանակում է, որ ուղղակի տեղի են ունեցել ընտրություններից շեղված այլ երևույթներ։

«Մասնակցության թվի հետ կապված նախնական տվյալները հրապարակվեցին՝ մասնակցել է ընտրություններին ընտրողների 60.86 տոկոսը կամ 1 միլիոն 574 հազար մոտավորապես ընտրող, ու եթե մեկ այլ մեթոդաբանությամբ, որ ուսումնասիրվել է, զուտ բաժանենք ընտրողների մասնակցության այդ տեղամասերում ժամաքանակի հնարավորությունը, թե ինչքան ժամանակում են այդ քվեարկությունը կատարել, ընտրողների թիվը, ստացվում է, որ մեկ ընտրողը տեղամասում քվեարկությունը կատարել է 50-ից 60 վայրկյանի ընթացքում, որը ինքներդ էլ ուղղակի հասկանում եք, որ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր, այս տեխնիկական նորամուծությունների պատճառով քվեարկության ընթացքը բավականին դանդաղեցված էր, ինչը նշանակում է, որ ուղղակի տեղի է ունեցել ընտրություններից շեղված այլ երևույթներ», - ասաց Հերիքնազ Տիգրանյանը։

Ըստ ընտրություններում դիտորդություն իրականացրած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, բոլոր տեղամասերում ընտրողների շրջանում քվեարկության կարգի վերաբերյալ տեղեկացվածության պակաս կար։

«Քվեարկողներին հստակ չէր՝ ինչպես պետք է օգտագործեին ծրարները, թղթիկները, սա բացարձակ կապ չուներ՝ անձերը տարեց էին, թե՝ երիտասարդ։ Օրինակ, դեպք եղավ, որ զինվորը բացարձակ չգիտեր, թե ինչպես պետք է քվեարկեր, դուրս եկավ խցիկից, ստիպված եղավ նորից քվեարկել, բայց ինքը որոշեց չքվեարկել և դուրս եկավ՝ առանց քվեարկելու։ Շփոթումը նաև տեղիք տվեց բաց քվեարկության, կար նաև ուղղորդում՝ տարեցների ուղղորդում, ոչ ուղեկցում, այլ ուղղորդում էր իսկապես. ինչ-որ մարդիկ իրենց ներս կբերեին և առանց գրանցվելու այդ ձևով կփորձեին իրենց ուղղորդել», - ասաց Արսինե Խանջյանը։