Հայաստանում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկության՝ 2009 ընտրական տեղամասերից 2005-ի նախնական արդյունքներով, Ազգային ժողով են անցնում 4 ուժեր՝ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ 49․15 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 27․37 տոկոս, «Ելք» դաշինքը՝ 7․78 տոկոս, և ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը՝ 6․58 տոկոս: Այս տվյալները հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը 5-րդն է՝ 3․72 տոկոսով, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 2․07 տոկոսով 6-րդն է, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը 1․65 տոկոսով 7-րդն է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 8-րդն է՝ 0․94 տոկոսով, և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 0․75 տոկոսով 9-րդն է:
Հիշեցնենք՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը:
ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության նախնական արդյունքները բոլոր 13 ընտրատարածքներում:
Մուկուչյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 12-ին կհրավիրի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված կլինի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը կազմելու և ստորագրելու հարցը: