Առնվազն չորս քաղաքական ուժեր սիստեմատիկ ընտրակաշառք են բաժանել. Զուրաբյան

Առնվազն չորս քաղաքական ուժեր՝ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կամ «Ծառուկյան» դաշինքը, «Օրինաց երկիր»՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ), Դաշնակցությունը (ՀՅԴ) սիստեմատիկ ընտրակաշառք են բաժանել։ Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց գործող խորհրդարանի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը։

«Ազատություն». - Խախտումներն անվերջ շարունակվում են, յուրաքանչյուր ընտրություն ուղեկցվում է խախտումներով, ընդ որում այդ խախտումների հիմնական առանցքը՝ հենասյունը ընտրակաշառքն է, որը, կարծեք թե, ոչ մի կերպ չի հաջողվում վերացնել։

Զուրաբյան. - Դա մոտավորապես նման է, ասենք, ռազմաճակատում մոնիթորինգի սարքավորումներին՝ կարող եք դնել մոնիթորինգի սարքավորումներ, բայց եթե ագրեսորը որոշում է անցնել պատերազմի, խախտել, նա իր կեղտոտ գործն անում է։ Մենք, բնականաբար, համարում էինք, որ ուղիղ եթերում երբ որ հեռարձակվում է ամեն ինչ տեղամասում, մարդիկ չէին անի հանցագործություններ, բայց պարզվում է, որ անում են, և մենք ունենք բազմաթիվ տեսագրություններ, որ մեզ մոտ ֆիքսված է, որ ուղիղ կամերայի առաջ բռնություններ են անում՝ հարձակվում են, ինչ-որ մարդկանց ծեծում են, և այլն, և այլն։ Հիմա ինչ է պարզվում՝ պարզվում է ժամը 7-ից սկսված այլևս ինտերնետ հեռարձակում չկա և չկա մինչև ժամը 13։00-ը, այսինքն՝ առավոտվա 7-ից մինչև ժամը 1-ը ինտերնետային հեռարձակում չի եղել, ճիշտ է՝ հատուկ կանալներով մասնակից կուսակցությունները, այսինքն՝ 9 մասնակից կուսակցությունները, հնարավորություն ունեցել են գլխավոր իրենց շտաբերից դիտելու բոլոր տեղամասերը: Ամբողջ գաղափարն այն էր, որ լիներ մեկ միլիոն աչք այդ ամենին, ցանկացած մարդ կարողանա իր ուզած տեղամասը մտնի, նայի, թե ինչ է կատարվում: Մինչդեռ եթե դու նստած ես մի սենյակում և փորձում ես 2000 տեղամասում նայել, դու շատ բան կտեսնես, բայց կտեսնես միայն այսբերգի գագաթը, այն, ինչ որ մենք տեսանք, բայց անգամ այդ այսբերգի գագաթը միայն տեսնելը ցույց է տալիս, որ ինչ հզոր, հսկայական խախտումների այսբերգ է թաքնված այդ ամեն ինչում։

«Ազատություն». - Կարծում եք, որ սա միտումնավո՞ր է եղել։

Զուրաբյան. - Քարոզարշավի ընթացքում տեղեկություններ էին գալիս, որ ցուցակագրում են մարդկանց՝ կաշառք բաժանելու համար, մեծ գումարների մասին են խոսում, հետ պարզվում է, որ ընտրությունից երկու օր առաջ «լեյտենանտ շմիդտները»՝ այդ բոլոր կուսակցությունները, ովքեր կաշառք են բաժանում, կոնվենցիա են ստորագրում՝ խարդախների կոնվենցիա, որտեղ պայմանավորվում են շատ ազնվորեն, որ բաժանելու են 10 հազար դրամ կաշառք։ Առնվազն 4 կուսակցություն կարող եմ թվել՝ Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կամ «Ծառուկյան» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, Դաշնակցությունը բաժանել են՝ սիստեմատիկ, իրար հետ միասին։

«Ազատություն». - Փաստեր կա՞ն։

Զուրաբյան. - Բազմաթիվ։ Գիտեք ինչ, վիդեո չենք արել, որ բերենք հանձնենք դատախազություն, բայց բազմաթիվ մարդիկ գալիս են, պատմում են, թե ինչ է եղել, ոնց է եղել, որտեղ ինչ են բաժանել և այլն և այլն։ Մենք բազմաթիվ տեսանյութեր ունենք, որ ուղղակի վերահսկում են, այսինքն ՝ամեն կերպ փորձել են վերահսկել և ուղիղ գալով, հետևը կանգնելով, նայելով, թե ոնց է մարդը քվեարկում, բազմաթիվ նյութեր մենք արդեն դրել ենք և պատրաստ ենք տրամադրել, և ուղղորդելով, այսինքն՝ իբր օգնություն են առաջարկում, բայց գալիս են ուղղորդում են, բացատրում են, ասում են՝ այսպես քվեարկի, այնպես քվեարկի։ Համատարած տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում, ինչը նշանակում է, որ անգամ այս ամեն ինչից հետո՝ էս ընտրակաշառք բաժանելուց հետո, իշխանությունը՝ իշխանություն ասելով բոլոր կաշառք բաժանող կուսակցություններին նկատի ունեմ, վստահ չեն եղել, որ վերահսկում են գործընթացը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 2-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․