«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց ժամը 19-ի դրությամբ դաշինքի կողմից արձանագրված խախտումները։
Ըստ նրա, խառնաշփոթները հանձնաժողովներում եղել են հենց առավոտյան ժամերին՝ ընտրատեղամասերը բացվելուց անմիջապես հետո։
«Գրեթե մեծ մասերում տեղամասերի այդպիսի մի աժիոտաժ էր առաջացել։ Ակնհայտ էր, որ բերվել էին մարդիկ ընտրության, և ունենք ահազանգեր, որ մեքենաներով բերում են, ճիշտ է, դա խախտում չէ, բայց դա միտում է մեջը պարունակում, տեսանելի է, որ դա ուղղորդված քվեարկողներն են, և ուղղորդումը քվեարկության տեսանելի էր նաև բազմաթիվ տեղամասերում և տեսագրություններում դա երևաց և մենք ունենք ահազանգեր մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամների կողմից, նաև լրագրողներն էին շատ տեղերում արձանագրել», - ասաց Խուրշուդյանը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ ծավալների են այդ խախտումները, արդյո՞ք արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ են, Խուրշուդյանը պատասխանեց. - « Ես կասեի, որ ծավալներն էական են, բայց ազդեցության մասին կդժվարանամ այս պահին ասել ինչո՞ւ, որովհետև ազդեցություն կարող են ունենալ այն դեպքում, երբ որ ուժերի հարաբերակցությունը մոտավորապես հավասար է և այս ծավալի խախտումները կարող են գործող իշխանության օգտին էական նշանակություն ունենալ, բայց քանի որ գործող իշխանության՝ ՀՀԿ-ի վարկանիշն այնքան ցածր է, որ ես կարծում եմ, որ նույնիսկ մասսայական ծավալ կրող խախտումների շնորհիվ, չեմ կարծում, որ իրենք կարողանան բեկել իրավիճակն իրենց օգտին, եթե իհարկե հաշվարկի ժամանակ այդ խախտումների ծավալը չշարունակվի և չավելանա, ինչպես եղավ նախագահական ընտրությունների ժամանակ»։