Նիկոլ Փաշինյան․ «Եթե տեսանք, որ մեր ձայնը գողացվել է՝ դա հետընտրական պրոցես է»

Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, Երևան, 2-ը ապրիլի, 2017թ․

«Քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության էս փոսից», - հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ընտրություններում քվեարկելուց հետո:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բարձր է գնահատում իրենց շանսերը:

Ընտրախախտումների ահազանգերի վերաբերյալ Փաշինյանը փոխանցեց, որ այդպիսիք առավոտից արդեն ստացվում են իրենց շտաբում և ստուգման փուլում են․ - «Ես հիմա շատ ուժեղ պնդումներ չեմ կարող անել»:

«Վստահված անձինք քիչ առաջ եղել են տեղամասերից մեկում 4-րդ ընտրատարածքում, որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկներ են եղել: Իհարկե, հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ չաշխատող տեսախցիկներ են, բայց, ամեն դեպքում, մեր վստահված անձինք պնդել են, որ դրանք հանվեն, և դրանք հանվել են: Ահազանգեր կան մի քանի, որ ինչ-որ մարդիկ կան, ովքեր կասկածվում են նրա մեջ, որ պահանջում են, որ ընտրողները քվեարկությունից հետո լուսանկարեն իրենց քվեաթերթիկները», - ասաց նա:

Վանաձորում քվեարկած՝ «Ելք» դաշինքի ցուցակի առաջին համար պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, բազմաթիվ ահազանգեր կապված են ընտրակաշառքի հետ:

«Հիմնական խախտումների մասին լուրերը կապված են մասսայաբար փող բաժանելու հետ, ես կասեի՝ զանգվածային: Իրականում Վանաձորում երբեք փող բաժանելը չի աշխատել, և փող բաժանողները այսօր գիշերը գլխով հարվածելու են պատին, որովհետև պարզելու են, որ իրենց բաժանած փողը արդյունք չի տվել և չի տալու», - հայտարարեց Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ընթացքը գնահատելու՝ լրագրողների խնդրանքին արձագանքեց․ - «Ընտրությունների ընթացքը սովորաբար պետք է գնահատել ընտրությունների ավարտին, որովհետև հնարավոր է՝ էն պահին, երբ որ ես հարցազրույց եմ տալիս և որևէ գնահատական եմ հնչեցնում, տեղի է ունենում զուգահեռ մի բան, որը իմ գնահատականը կարող է փոխել»:

Հետընտրական ակնկալվող գործընթացների մասին հարցին Փաշինյանը պատասխանեց․ - «Մենք հստակ ենք ասել այդ հարցի վերաբերյալ, հետընտրական պրոցեսների կապակցությամբ մեր վերաբերմունքը հետևյալն է․ ժողովուրդը մեր օգտին քվեարկեց, եթե մենք տեսանք, որ մեր ձայնը գողացվել է՝ դա հետընտրական պրոցես է, եթե մեր ձայնը չի գողացվել, հետընտրական պրոցեսի մասին չեմ կարծում, թե կարելի է խոսել»:

Ընդ որում, ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ խոսքը ոչ թե իրենց ստանալիք տոկոսների մասին է, այլ՝ փաստերի․ - «Մենք հետո պետք է տեղեկատվությունը, մենք բոլորս, այդ թվում՝ նաև դուք, ի մի բերենք, թե ընտրական պրոցեսը ինչպես է ընթացել, ինչ միջադեպեր են եղել, եղել են, թե չեն եղել, վստահված անձինք, դիտորդները խախտումներ արձանագրել են, թե չեն արձանագրել, փաստերի համադրությունից պետք է անենք հետևություններ»:

«Որևէ մեկը, կարծում եմ, որևէ կասկած չունի նրանում, թե մենք պատրաստ ենք ամենավճռական քայլերի, եթե ժողովրդի՝ մեզ տված ձայնը գողացվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ եթե ոչ ձեզնից, այլ ուրիշից ձայն գողանան», - «Ազատության» այս դիտարկմանը նա արձագանքեց․ - «Այո, ես դա նկատի ունեմ, կապ չունի, ժողովրդի ձայնը գողանալու մասին է խոսքը»:

Հնարավո՞ր է արդյոք՝ «Ելք»-ը խորհրդարանում կոալիցիա կազմի: Փաշինյանը չի ցանկանում անդրադառնալ առանձին ուժերի հետ համագործակցության հնարավորությանը, բայց վստահեցնում է․ - «Մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը մեզ կտա վստահության քվե, և ասում ենք, որ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն չլինի միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք մնացել որևէ քայլ անենք»:

«Մեկ տարի առաջ սկսվեց ապրիլյան պատերազմը: Զոհերի հիշատակին մենք արժանի՞ գործընթաց ենք մենք վարում, Ձեր գնահատականով», - լրագրողներից մեկի այս հարցին էլ ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ ազատ և ժողովրդի կամքը արտահայտող քվեարկությունը, ընտրությունները կլինի ամենամեծ հարգանքի տուրքը ապրիլյան զոհերի հիշատակին»: