Հայաստանի արդարադատության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակի երրորդ համար Արփինե Հովհաննիսյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի թիվ 9/35 տեղամասում:
«Քվեարկեցի հանուն Հայաստանի վաղվա օրվա», - ընտրություն կատարելուց հետո «Ազատության» հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչպիսի՞ն է պատկերացնում վաղվա օրը, նախարարը պատասխանեց․ - «Կարծում եմ՝ բոլորս ենք այդպիսին պատկերացնում վաղվա օրը․ առաջընթաց ապրող, անվտանգ և ապահով Հայաստան»:
Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին տեղեկություններին, Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, նշեց․ - «Այս պահի դրությամբ տեղյակ չեմ շտաբում ինչպիսի տեղեկություններ կան: Մամուլում այլ կուսակցությունների կողմից որոշակի բարձրաձայնումներ եղել են, բայց դրանց վերաբերյալ արձագանքը ինչպիսին է և ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը, թե ոչ՝ այս պահի դրությամբ տեղեկատվություն չունեմ: Բայց հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին էլ, որպեսզի լայնամասշտաբ խախտումների պատրանք չստեղծեն անընդհատ, անընդհատ ասելով, որովհետև եթե իրականում կա որևէ խնդիր, դրան անպայման արձագանք լինելու է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, դիտորդների աննախադեպ բարձր թիվը և առհասարակ այն ամբողջ հսկողական մեխանիզմները, որ ներդրված են»: