Զուրաբյան․ Քաղաքական ուժերին առանձին հասանելիություն է տրված ընտրատեղամասերից հեռարձակմանը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին առանձին հասանելիություն է տրված, և նրանք կարողանում են հետևել ուղիղ հեռարձակմանը բոլոր տեղամասերում։

Զուրաբյանը կարծում է, որ Electionsonline.am կայքում ուղիղ հեռարձակման սահմանափակումը միտումնավոր է արվել, որպեսզի քաղաքացիները չկարողանան հետևել։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենց թիմը հետևում է տեղամասերին և խախտումներն առանձին արձանագրելու ու հեռարձակելու են լրատվամիջոցներով։

Նշենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարել էր, որ ուղիղ հեռարձակումը չի աշխատում, քանի որ կայքը աննախադեպ մեծ թվով այցելուներ է ունեցել, իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը տեղեկացրել էր, որ թեև ընտրատեղամասերում տեղադրված շուրջ 3,000 վեբկամերից որոշ դեպքերում ուղիղ հեռարձակումը չի աշխատում ինտերնետային կապի պատճառով, տեղամասերում ամեն ինչ տեսագրվում է և հասանելի կլինի: