«Վերջից եմ գալիս». Արեգ Բալայանի ապրիլյան օրագիրը

Արեգ Բալայան

Պատերազմի գոյության փաստն ընդունում, բայց այն ոչ մի կերպ արդարացնել չի կարողանում Արեգ Բալայանը։ Երևանում ծնված 36-ամյա լուսանկարիչը ավելի քան 10 տարի ապրում և աշխատում է Լեռնային Ղարաբաղում։ Ուղիղ մեկ տարի առաջ զանգ ստացավ և հայտնվեց այնտեղ, որտեղ երբևէ չէր եղել։

Առաջին օրերին հրաժեշտ տվեց ամբողջ աշխարհին, կնոջն ու երկու երեխաներին, ծնողներին, ընկերներին, մասնագիտությանը, սիրելի քաղաքներին, երկրին ու ինքն իրեն։

Չխելագարվելու ճանապարհն, ըստ Արեգի, միայն երկու բանի մասին մտածելն էր՝ դիրք պահելն ու ողջ մնալը։ Օրեր անց, երբ ձեռքին լուսանկարչական սարք էլ ուներ, մարտական գործողությունների պահին զինվոր էր՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգը ձեռքին, իսկ խաղաղ ժամերին՝ լուսանկարիչ։ Երկու դեպքում էլ գիտակցում էր, որ կատարվողը կինո չէ, այլ իրականություն։ Ամեն պահը՝ ապրված։

Ողջ մնաց ու սահմանից ֆիզիկապես վերադարձավ հունիսին, բայց վերադարձից միայն 5 ամիս անց կարողացավ Հայաստանի ու աշխարհի առաջ բացել իր ապրիլյան օրագիրը

Արեգ Բալայանի ֆոտոցուցահանդեսը լուրջ արձագանք ստացավ Հայաստանում և արտերկրում: Ֆոտոշարքը վերջերս արժանացավ LensCulture Exposure Awards 2017 2-րդ մրցանակի։