Ընտրվելու դեպքում Հանրապետականը հենց հաջորդ օրը կարող է հայտարարել, որ կատարել է իր գրած ծրագիրը, քանի որ ծրագրում ոչինչ չկա, հայտարարում է «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանի կարծիքով ՀՀԿ-ի ծրագրում հաշվարկներ ու թվեր միտումնավոր չկան։
«Գրողները իրենց առջև նպատակ են դրել՝ այնպես անենք, որ ոչ մի բան չգրենք, բայց խելոք երևանք», - մեկնաբանեց նախկին վարչապետը: - «Ընդհանրապես, ծրագիրը մոտավորապես սա է՝ մենք կանք, լավ օլիգարխ պապաներ ենք, էդ փոքրերին կարանք թողենք հարկ չտան: Սա ծրագիր չէ, այդպես չի լինում: Մենք, ի տարբերություն դրան, այդպիսի բան չենք խոսք տալիս, որովհետև դա չի կարող լինել: Մենք փոքրին ասում ենք՝ կուժեղացնենք ձեզ, որ արտադրող դառնաք: Ավելին՝ ես կասեի անբարոյական է, որ ես գամ քո փոքրին ասեմ՝ հարկ չպիտի տաս», - հավելեց նա:
Բագրատյանը վստահեցնում է՝ «Ազատ դեմոկրատների» ու ընտրությանը մասնակցող մյուս ուժերի տարբերությունն այն է, որ իրենց ծրագրի հիմքում իրական հաշվարկներ են, մյուսներում՝ միայն բառեր։ Հայաստանում, ըստ նրա, պետք է ներդրող դառնա սովորական քաղաքացին, ոչ թե օլիգարխը:
«Վարչապետը հայտարարում է, որ կբերի 3.5 միլիարդ: Ծառուկյանը իրան լավ տեղն է դնում, ասում է՝ ես 15 միլիարդ կբերեմ: Կոմունիստները՝ 17: Ես էլ երեկ զայրացա, ասացի՝ տարեկան 22: Այս ծրագրում ասված է, որ մենք ընդհանրապես ներդրում չենք բերի, մենք ներդրում կգեներացնենք, կաճեցնենք՝ ինչպես սունկն են աճեցնում», - նշեց նա:
Նախկին վարչապետը միայն «Ազատ դեմոկրատների» ծրագիրն իրատեսական համարելով հաղթանակի դեպքում խոստանում է նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացում։
«Չլինելով պոպուլիստ՝ մենք ստացել ենք հաշվարկով ամենամեծ նվազագույն աշխատավարձը, նույնիսկ ավելի, քան թե «Ծառուկյան» դաշինքը: Բայց դա հաշվված է, որ կա: Մենք ստացել ենք թոշակների լուրջ բարձրացում: Եթե հաշվենք գնաճը, որ առաջիկա հինգ տարում կլինի, աշխատավարձը համարյա թե չենք բարձրացրել, որովհետև համարում ենք, որ այլևս փող չկա, անհնարին է դա», - նշեց նա:
Ամփոփելով քարոզարշավը՝ Բագրատյանը խոսեց Հայաստանի գյուղերի ծայրաստիճան աղքատության մասին և դրան զուգահեռ՝ քարոզարշավի ժամանակ Հանրապետականի թույլ տված շքեղությունների մասին․ - «Այսպիսի աղքատության պայմաններում Հանրապետականը ասում է՝ շքեղ համերգներ Վանաձորում և այլն․․․ դրանից հետո մտածում ես՝ պետք է օր առաջ հեռացնել: Միայն այդ նույն գյուղում փակցված կոնկրետ մարդու գովազդային վահանակը հերիք էր, որ դրա փողով այդ գյուղը մի շաբաթ հաց ուտեր»: