Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի: Նա նշել է, որ ներկայումս քննարկվող գաղափարի հենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկն է: Ավելի կոնկրետ՝ խոսքը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչած սկզբունքների մասին է, որոնք քաջ հայտնի են, ասել է Լավրովը և ընդգծել, որ կողմերը, հիմնականում չհերքելով հենքը, տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը:
Նա նշել է, որ համանախագահների մշակած կարգավորման սխեման արմատապես փոխելու կամ ինչ-որ նոր պլաններ առաջարկելու մասին խոսք չի գնում: Գլխավորը՝ օգնել կողմերին գտնելու հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը, ասել նա: Լավրովի խոսքերով՝ կարգավորման շատ բաղադրիչներ արդեն համաձայնեցված են. - «Մնացել են մի քանի հարցեր: Բայց դրանք ամենաբարդն են: Համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Ամեն դեպքում աշխատանքը շարունակվում է»:
Ռուսաստանի հետաքրքրությունների առումով, նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանին: «Մենք անտարբեր չենք, թե ինչ է կատարվում մեզ հարևան տարածաշրջանում: Հետաքրքրված ենք, որ այնտեղ վերականգնվի խաղաղությունը և հանգստությունը, բացվեն սահմանները, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Ղարաբաղյան կարգավորումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը չի համաձայնել լրագրողի հարցում հնչած դիտարկմանը, թե վերջին տարիներին կարգավորման ուղղությամբ քայլեր չեն արվել: «Ղարաբաղյան թեման մշտապես գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում, ձեռնարկվում են ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ինքնուրույն ջանքեր այդ խնդրի կարգավորման ուղղությամբ», - ասել է նա:
Սերգեյ Լավրովը գովաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը, նշելով՝ այդպիսի թիմային աշխատանքը վկայում է, թե ինչպես է պետք համագործակցել միջազգային հակամարտությունները հաղթահարելու հարցերում: Նա ասել է, թե ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով սերտ փոխգործակցությունը կշարունակվի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Փարիզի հետ:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի ջանքերին, Լավրովն ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներում ղարաբաղյան կարգավորման խնդիրը անտարակույս կարևոր տեղ է գրավում: «Մասնավորապես, առարկայական քննարկում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի մարտի 15-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ», - հայտնել է Լավրովը:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը՝ ինչպե՞ս է Մոսկվան նայում այդ հարցին: «Մենք միայն կարող ենք ողջունել Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: