ՀՎԿ-ն վստահ է, որ տեղ է զբաղեցնելու առաջին եռյակում

«Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենք անպայման լինելու են առաջին եռյակում․ - «Ես ուզում եմ պնդել, և ինձ թվում է մի քանի օր հետո բոլորդ կհամոզվեք, որ «Հայկական վերածնունդը» կլինի առաջին եռյակում խորհրդարանական մտնող քաղաքական ուժերի: Տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք առաջին տեղը, տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք երկրորդ տեղը, տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք երրորդ տեղը: Ես քսանամյա քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական գործիչ եմ և եթե ինձ թույլ եմ տալիս նման եզրահանգում անելու, ինձ թվում է, մի քանի օրից մենք դրանում բոլորս կհամոզվենք»:

Կուսակցության առաջնորդն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե նախընտրական շրջանում իրականացված սոցիոլոգիական հարցումները «կեղծ էին և պատվիրված»։

Որպես ապացույց, Բաղդասարյանը հիշեցրեց 2003-ի նախագահական ընտրությունները․ - «Այսօր առավոտյան իմ ընկերների հետ հիշում էինք նախագահական ընտրությունները, երբ որ ինձ տալիս էին երեք տոկոս: Թե ինչքան հավաքեցի, բոլորը գիտեն: Այնպես որ, ինչպես ընդունված է նաև Հայաստանում և շատ երկրներում, այսօր կան կազմակերպություններ, ովքեր պատվերով հարցումներ են կատարում՝ վճարովի ծառայություն: «Հայկական վերածնունդը» նման ծառայություններից չի օգտվել»:

Հետընտրական զարգացումների վերաբերյալ մեկնաբանություններից Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց՝ այդուհանդերձ չբացառեց իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը․ - «Հետընտրական ցանկացած զարգացումների մասին մենք կխոսենք ընտրությունների արդյունքներից հետո: Մենք հստակ մեր քաղաքական դիրքորոշումը ներկայացրել ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա իրական ազդեցության դեպքում»:

«Հայկական վերածնունդի» առաջնորդը կոչ արեց ժողովրդին, որ եթե անգամ կարիքից դրդված ոմանք ընտրակաշառք վերցնեն, միևնույնն է, թող գնան և իրենց նախընտրած թեկնածուին ձայն տան։

Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում կուսակցության անվան շուրջ տարածված խոսակցություններին, թե հիմա էլ սուրճի բաժակներ են բաժանում որպես ընտրակաշառք, Բաղդասարյանն ասաց. - «Ուրեմն ես համարում եմ դա պարզագույն սրիկայություն և սև քարոզչություն: Էդ մուրաբաները․․․ 2003 թվականից տասներեք տարի է անցել․․․ դա էժանագին զրպարտանք էր»: